Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ԱՄՆ-ի իր պաշտոնակից Բարաք Օբամայի հետ երկխոսություն վարելու պատրաստակամության մասին:

 

ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը չի բացառել, որ հունիսի 6-ին Նորմանդիայում դաշնակիցների զորքերի ափհանման 70-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումների ընթացքում Օբաման կշփվի Պուտինի հետ, սակայն, նրա խոսքով, պաշտոնական հանդիպում պլանավորված չէ: Նախօրյակին Օբաման նույնպես խոսել է Պուտինի հետ հնարավոր շփման մասին:

 

«Ես հիմքեր չունեմ ենթադրելու, որ Օբաման չի ցանկանում հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ: Բայց, ի վերջո, դա նրա ընտրությունն է: Ես միշտ պատրաստ եմ երկխոսության»,- ասել է Պուտինը ֆրանսիական TF1 հեռուստաալիքին և Europe1 ռադիոկայանին տված հարցազրույցում:

 

Նրա կարծիքով' ԱՄՆ-ը ամենաագրեսիվ ու ամենակոշտ քաղաքականությունն է իրականացնում բոլոր մյուս տերությունների շրջանում: «Մենք զինված ուժեր գրեթե չունենք արտասահմանում: Տեսեք, աշխարհում ամենուրեք կան ամերիկյան ռազմակայաններ: Ամերիկյան ուժեր կան այդ երկրի սահմաններից հազարավոր կիլոմետր հեռավորության վրա»,- նշել է Պուտինը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: