Թուրքիայի Մարմարայի համալսարանի «Աթաթուրքի սկզբունքները և հեղափոխությունների պատմությունը» դասի վերջնական քննության հարցաշարում տեղ են գտել զգալի թվով հարցեր, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանությանն ու հայկական հարցին: Ինչպես հաղորդում է «Ակոս» պարբերականը, թուրքական ժխտողականությունն ու պատմության խեղաթյուրումն արտահայտվել են նաև այդ հարցերում: Մասնավորապես հարցերից մեկում օգտագործված է «Ռուսաստանի բանակի հետ համագործակցության մեջ մտած և քաղաքացիների վրա հարձակում գործած հայերը», «1915 թվականի աքսորի մասին օրենքի նպատակը ներքին անվտանգության պահպանում էր» և նմանօրինակ այլ արտահայտություններ:

 

Հարցաշարի մեկ այլ հարցը հնչում է այսպես. «Ո՞րն է հայերի այսպես կոչված ցեղասպանության մասին պնդումների նպատակը»: Որպես պատասխան են բերվել մեկը մյուսից անհեթեթ չորս պնդումներ, որոնց միջև թուրք ուսանողը պետք է ընտրություն կատարի: Դրանք են ա) հյուծել Թուրքիային, բ) հողային պահանջ ներկայացնել Թուրքիային, գ) իրականացնել չորս կետերի ծրագիրը (ճանաչել տալ, ճանաչվել, փոխհատուցում, հողային պահանջ), դ) վնասել թուրքական հեղինակությունը:

 

«Աթաթուրքի սկզբունքները և հեղափոխությունների պատմությունը» դասընթացը շարունակում է պարտադիր ուսուցանվող առարկա մնալ Թուրքիայի համալսարաններում' չնայած դրա վերաբերյալ հնչող դժգոհություններին:

 

Թուրքիայի կրթական համակարգում նման մեթոդների կիրառումը հայտնի թուրք պատմաբան Ումիթ Քուրթը համարում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ թուրքական ժխտողականության շարունակությունը: «Այս ստի քաղաքականությունը շարունակվում է մեծ ցանկությամբ, հպարտությամբ, վճռականությամբ, նոր տեխնիկայով և միջոցներով: Եվ արդեն այս ստի քաղաքականությունն այնքան է խորացել, որ սուտը վերածվել է ճշմարտության, ճշմարտոթյունն էլ' վարչակարգի:

 

Մենք «ստի քաղաքականության իրական վարչակարգի» տակ ենք ապրում... Ինձ հետևյալն է հետաքրքրում. արդյոք այ դ համալսարաններում այդ դասընթացն անցնող և այդ հարցերին պատասխանող հայ ուսանող կա՞: Եվ երբ նա կանգնում է նման հարցերի առաջ, ի՞նչ է մտածում: Ի՞նչ է զգում: Ինչպե՞ս կպատասխանի ու կանցնի այդ դասը»,- նշել է Ումիթ Քուրթը: