ffa.amՔիչ առաջ Մայնցի «Կոֆաս Արենա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում ավարտվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը, որը նվիրված էր վաղը՝ հունիսի 6-ին կայանալիք Գերմանիայի հավաքականի հետ ընկերական խաղին:

Բեռնար Շալանդն ընդգծեց, որ շատ մտահոգված է այն փաստով, որ Արաս Օզբիլիսը չի մասնակցելու առաջիկա հանդիպմանը՝ հույս հայտնելով, որ նրա վիրահատությունը հաջող կանցնի, և Արասը կհասցնի վերականգնվել մինչև ընտրական փուլը:

Պատասխանելով խաղի կարևորության մասին հարցին՝ Բեռնար Շալանդը նշեց, որ այս խաղը մեծ նշանակություն ունի Հայաստանի հավաքականի համար, քանի որ ամեն օր չի, որ հնարավորություն է լինում խաղալ Գերմանիայի պես ուժեղ հավաքականի դեմ: Մեր մարզիչը հավելեց, որ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքը ընդամենը 12 օր է, ինչ աշխատում է թիմի հետ, իրեն դեռ ժամանակ է պետք ավելի լավ արդյունքների հասնելու համար: Մասնավորապես, մարզիչը ցանկանում է փոխել մեր հավաքականի մենթալիտետը, հասնել նրան, որպեսզի թիմը ոչ միայն հակագրոհի, այլև կարողանա հարձակողական ֆուտբոլ ցուցադրել: Միաժամանակ այնքան էլ խելամիտ չի լինի Գերմանիայի հավաքականի դեմ խաղալ միայն հարձակողական ֆուտբոլ և պետք է կարողանալ լավ պաշտպանվել:

Բեռնար Շալանդը նշեց, որ դժգոհ է ոչ թե առանձին վերցրած պաշտպանների խաղից, այլ թիմի պաշտպանական ընդհանուր գործողություններից:

Լավ կլիներ, որ մեր պաշտպանները հնարավորություն ունենային տեղափոխվել ավելի ուժեղ ակումբներ և հանդես գային արտասահմանում:

Խոսելով մեր ապագա մրցակցի մարտավարության մասին՝ Բեռնար Շալանդը նշեց, որ տեղյակ է, որ Գյոթցեն կարող է խաղալ որպես կեղծ «9»համար, իսկ մեր հավաքականի նորեկներից շվեյցարացի մասնագետն առանձնացրեց Ռումյան Հովսեփյանին: