Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կառավարության անդամները, որոնց կողմից տասնյակ միլիարդ դոլարների հասնող կոռուպցիոն գործողությունների բացահայտումներն անցյալ դեկտեմբերին խոշոր սկանդալի պատճառ էին դարձել այդ երկրում, հայտարարել են, որ այդ քայլը կատարել են ձեռք բերած գումարները «իսլամին ծառայեցնելու նպատակով»: Այս մասին հայտնում է թուրքական Zaman թերթը:

 

Zaman-ի թղթակից Ահմեդ Քուրուջան «Դե այսքան էլ չի լինի…» վերնագրով իր հոդվածում գրում է, որ ԱԶԿ-ի անդամ մի քանի պաշտոնյաներ, որոնց ինքը վստահում է, իր հետ զրույցներում հայտարարել են, որ ապօրինությունների եւ կոռուպցիայի փողերը պետք է ծառայեցնեին իսլամին, սակայն, իրավապահների գործողությունները խոչընդոտեցին իրենց այդ բարի նպատակի իրագործմանը:

 

«Ապօրինություններ անվանվող փողերը պետք է ծառայեցվեին իսլամին: Այդ փողերով պետք է օգնեինք իսլամական համայնքներին: Պաշտոնական համակարգում դա հնարավոր չէ անել: Այդ պատճառով մեր այս ապօրինությունները բացահայտողները դավաճանեցին Իսլամին եւ նրա առաջիկա 50 տարիներին», - Քուրուջայի հետ զրույցում խոստովանել է ԱԶԿ-ական վստահելի պաշտոնյան:

 

Zaman-ի թղթակիցը նշում է, որ եթե այդ խոստովանությունը ճշմարիտ է, ապա ցավալի է, որ Թուրքիայում իշխում է նման տրամաբանությամբ կուսակցությունը:

 

Դեկտեմբերի 17-ի Ստամբուլում եւ Անկարայում միաժամանակյա անկացրած գործողությունների արդյունքում թուրքական ոստիկանությունը ներքին գործերի, էկոնոմիկայի, բնապահպանության նախարարների որդիների, Ստամբուլի Ֆեթիհի քաղաքապետ Մուստաֆա Դեմիրի, «Հալք» բանկի տնօրեն Սուլեյման Ասլանի, գործարարներ Ռեզա Զարրաբի, Ալի Աղաօղլուի հետ ձերբակալել է 50-ից ավելի անձանց, որոնք կասկածվում են ապօրինությունների, կոռուպցիայի, դրամաշորթության եւ Ադրբեջանի հետ էներգետիկական համագործակցության բնագավառում մոտ 200 մլրդ դոլար յուրացումների մասնակցության մեջ: Պարզվել է, որ այդ կոռուպցիոն գործողություններին մասնակից են նաեւ երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին, փեսան եւ դուստրը: Ռեզա Զարրաբի հետ կոռուպցիոն կապեր ունենալու մեղադրանք է առաջադրվել նաեւ Թուրքիայի' Եվրոմիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշի նկատմամբ: Այդ ձերբակալություններից հետո Թուրքիայի վարչապետ Էրդողանը փոխել է կառավարության 10 նախարարների եւ աշխատանքից հեռացրել գործարարների ու չինովնիկների ձերբակալությունները նախաձեռնած ոստիկանության 500-ից ավելի բարձրաստիճան աշխատակիցների' պատճառաբանելով, թե նրանք ցանկացել են տապալել իր կառավարությունը: Այդ բացահայտումներից հետո Թուրքիայում զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացվել, որոնց մասնակիցները պահանջել են կառավարության ամբողջ կազմի հրաժարականը: