Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Սահմանադրական դատարանի անդամի թափուր պաշտոնի համար առաջարկեց Արայիկ Թունյանի թեկնածությունը: Պաշտոնը թափուր է ՍԴ նախկին անդամ Վալերի Պողոսյանի լիազորությունների ավարտից հետո: «Սահմանադրական դատարանի անդամի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար առաջարկում եմ Արայիկ Թունյանի թեկնածությունը»,- ասաց Գալուստ Սահակյանը:

 

Արայիկ Թունյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար՝ ընդգծելով, որ գիտակցում է ողջ պատասխանատվությունը և պատրաստ է այդ պատասխանատվության գիտակցումով զբաղեցնել ՍԴ անդամի թափուր տեղը:

 

Սահմանադրական դատարանի անդամի նշանակման քվեարկությունը կանցկացվի հունիսի 9-ին' ժամը 13:30-14:30-ը: Այս մասին ԱԺ նիստի ընթացքում տեղեկացրեց ՀՀ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը: «Տեղի է ունեցել հաշվիչ ժամանակավոր հանձնաժողովի հերթական նիստը, որի օրակարգում Սահմանադրական դատարանի անդամի նշանակման քվեարկության կազմակերպման հարցն էր: Որոշվել է փակ քվեարկությունն անցկացնել Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից նախասրահում ժամը 13:30-14:30-ը»,- ասաց Ավետիսյանը:

 

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն չի մասնակցելու քվեարկությանը, իսկ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու Արայիկ Թունյանի թեկնածությանը:

 

Արայիկ Թունյանը ծնվել է 1966թ. Ստեփանավանում: Իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ, զբաղեցնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնը: