Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանձնարարել է միջանցք ստեղծել խաղաղ բնակչության համար, որը ցանկանում է մեկնել այն տարածքներից, որտեղ հակաահաբեկչական գործողություն է անցկացվում: Այդ մասին հաղորդել Է «Ուկրինֆորմ»-ը՝ հղում անելով պետության ղեկավարի մամուլի ծառայությանը:

 

«Հակաահաբեկչական գործողության անցկացման շրջանում նոր զոհեր թույլ չտալու համար Ուկրաինայի նախագահը հանձնարարել է ուժային գերատեսչությունների ղեկավարներին՝ անհրաժեշտ բոլոր պայմաններն ստեղծել խաղաղ բնակչության համար, որը ցանկանում է մեկնել այդ շրջանից»,-նշվում է հաղորդագրության մեջ:

 

Ուկրաինայի անվտանգության ծառայության, ներքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության եւ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարների հետ հանդիպման ընթացքում Պորոշենկոն նաեւ հանձնարարել Է կառավարությանը՝ իր վրա վերցնել մարդկանց տեղափոխման կազմակերպումը, բուժսպասարկման միջոցառումները եւ շարժական կետերի ցանց ծավալել խաղաղ բնակչությանը խմելու ջրով, սննդով եւ դեղորայքով ապահովելու համար:

 

Բացի այդ, նախագահը պարտավորեցրել Է տեղական պետական վարչակազմերին՝ տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությամբ տեղավորել հակաահաբեկչական գործողության շրջանից ժամանող բնակչությանը: