Վերջին օրերի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից իր կայքում ու ՀԺ-ում հրապարակված մի քանի հոդվածները քննարկումների տեղիք են տվել կոնգրեսականների շրջանակում: Հատկապես երեկ երեկոյան սկսվեց Նիկոլի դեմ համացանցային արշավանք, կապված նրա վերջին ծավալուն հոդվածի հետ: Հոդվածն այստեղ վերաշարադրելու կամ ցիտելու կարիք չկա, բայց ընդհանուր առմամբ այն ՀԱԿ նախորդ տարիների գործունեության վերանայման փորձ էր: Ու բանականաբար, ցանկացած վերանայում ինչ որ առումով նաև սխալների վերանայում է ենթադրում, իսկ ՀԱԿ գործունեության հիմնական առանցքը, հետևաբար նաև «ճիշտն ու սխալը» կապվում է մեկ մարդու հետ:
ՀԱԿ-ում հետտերպետրոսյանական գործընթացները բավական հետաքրքրական են, ընդ որում ոչ միայն բուն քաղաքականության տեսանկյունից: ՀԱԿ-ը նմանվում է յուրատեսակ համայնքի, որն առաջնորդի «մահվանից« հետո ինքնախժռվում է, գնում է ինքնաոչնչացման, քանի որ ինքնակազմակերպման այլ մեխանիզմ չունի: Ոմանք սգում են «առաջնորդի մահը», ոմանք փորձում են դավաճանների նոր շղթա կազմել ու գոնե այդպես պահել համայնքի միասնականությունը, ոմանք էլ փորձում են վերջապես համակարգ ստեղծել: Նիկոլը թերևս վերջինների շարքում է, ու վերջին մեկ տարվա գործունեության ոճային փոփոխությամբ էլ փորձում է չմարգինալանալ ու մնալ քաղաքական տրամաբանության մեջ: Ու խնդիրը այստեղ նաև մարդ-համակարգ բախման մեջ է:
Նիկոլ Փաշինյանին ըստ էության մեղադրում են սեփական թիմի ներսում սխալներ գտնելու, ավելին, այդ սխալներն առաջնորդի մոտ գտնելու կապակցությամբ: Ցանկացած մեկի համար, ով քիչ թե շատ ծանոթ է ՀԱԿ գործունեությանը, պետք է որ նման սցենարը սպասված լիներ: Կոնգրեսում այդպես են վարվել գրեթե բոլոր յուրայինների հետ, ովքեր մեյնսթրիմից դուրս այլ կարծիք են հայտնել. նրանք մեղադրվել են անհավատարմության մեջ ու հռչակվել իզգոյ: Նիկոլի տարբերությունը «համայնքից օտարված մյուսների» համեմատությամբ այն է, որ նա շարունակել է ու շարունակում է մնալ ՀԱԿ-ում: Միգուցե Նիկոլը կամ ժամանակին չուզեցավ դուրս գալ, կամ էլ սպասեց մինչև ԱԺ ընտրություններ: Կամ էլ դուրս կգար, եթե համոզված լիներ, որ իրեն չեն քննադատի այնքան, որքան որ նա վտանգված կլինի կորցնել ընդդիմադիր էլեկտորատի ձայները:
Սակայն մեկ կարևոր հանգամանք, որ անտեսվում է. Նիկոլն ըստ էության դառնում է հերթական զոհն այն մտածողության, որի հիմնադիրներից մեկն էլ ինքն է: Այս հարցի մասին կարծես չի խոսվում, ավելին, ՀԱԿ ակնման ու տիրող հիասթափության ֆոնին, կարծես փորձ է արվում Նիկոլից կերտել մի այլ, նոր, գրեթե անսխալական կերպար: Նիկոլն իհարկե շատ ճիշտ է վարվում, երբ սեփական քաղաքական թիմի գործունեությունը վերանայում է ու սխալներ մատնանշում, բայց այդ սխալների մեջ իր մասնակցության լուման ունի նաև ինքը: Խոսքը կոնկրետ իրադարձային սխալների մասին չէ, որոնց բացահայտման վրա Նիկոլը կենտրոնացել է վերջերս: Նիկոլը ինքը չորս տարի եղել է ՀԱԿ ռևանշիստական ու ապստամբական դիսկուրսի ճարտարապետներից մեկը, Նիկոլն ինքն էր ժամանակին դավաճանի ինստիտուտը ներդնում ՀԱԿ ներքաղաքական առօրյայում, երբ բացականչում էր՝ «այս հրապարակում դավաճան չկա», այն դարձնելով ըստ էության հիմնական քաղաքական գործիքներից մեկը: Այսօր ընդամենը վերջինս դառնում է սեփական նախագծած ու մասնակցած մեծ խաղի զոհերից մեկը: Ինչպես որ, վերջերս ինֆորմացիոն գրոհի զոհ դարձավ Լևոն Զուրաբյանը, երբ մի քանի մեդիահոսքերով նրան սկսեցին անվանել Լյովիկ Զուրաբյան: Դա նույնպես 2008-ին որպես քաղաքական հասկացություն հռչակված «Սերժիկ» խաղի հետևանքն էր:
Նիկոլը թերևս ճիշտ կանի, բացի իրադարձային սխալներից, խոսի նաև կոնցեպտուալ սխալների մասին ՝ քաղաքական ոչ ադեկվատ լեզվի ընտրություն, գործելաոճի, էլեկտորատի ու քաղաքական թիմի փոխհարաբերությունների ոչ թափանցիկություն, որոշումների ընդունման ու ընդհանրապես գործունեության հիերարխիկության խիստ ընդգծվածություն: ՀԱԿ անհաջողությունների պատճառները հենց այս, կոնցեպտուալ խնդիրների մեջ են, ու եթե դրանք չեն քննարկվում, ապա իրադարձային իմաստով քննարկումը ոչ միայն ինֆանտիլ է, այլև ձեռք չի տալիս նաև Նիկոլին:
Շատ ողջունելի է, որ Նիկոլն այժմ ինքնաքննադատության հաղթարշավ է սկսել, բայց հաղթարշավը պետք է մինչև վերջ տանել, տանել ամբողջապես, ու նաև սեփական սխալների մասին խոսել, այլապես կստացվի, որ Նիկոլն ընդամենը փորձում է ՀԱԿ ավերակների վրա նոր բան կառուցել: Իսկ եթե պարզվի, որ Նիկոլն այդ թիմային սխալներում սեփական բաժինը չունի, ուրեմն սկսած ինքնաքննադատությունը լրիվ ապարդյուն է, ինքնանպատակ:
Ենթադրվում է, որ Նիկոլը ՀԱԿ որոշ հատվածներից կփորձի նոր ուժ կոնսոլիդացնել, չնայած ինքը դեռևս ժխտում է այդ հեռանկարը: Պարզ է նաև, որ արդեն այս ընտրություններից հետո Նիկոլի համար ավելի մեծ ու ազատ դաշտ կբացվի գործունեության համար: Միաժամանակ խորհրդարանում իր գործունեության ոճի փոփոխության հետևանքով Փաշինյանը կարողացել է որոշակի համակրանք նվաճել նույն մեդիադաշտում, ու արդեն որոշակի հանրային լեգիտիմություն ունի ՀԱԿ-ում իր գործունեությունից բացի:
ԱԺ ընտրություններից հետո շատ բան փոխվեց ՀԱԿ-ում: Շատ բան փոխվեց հենց Նիկոլի գործունեության իմաստով, որովհետև Նիկոլն ու իր շրջապատը հասկացան, որ իրենց ընտրատարածքում ամենահաղթ թվացող Լֆիկ Սամոյին կկարողանային հաղթել, եթե մի քիչ ավելի կազմակերպված կուսակցական համակարգ ունենային: Որովհետև հասկացան, որ իրականում ինչքան էլ ամենաներառող լինի նրանց հակառակորդ քրեաօլիգարխիկ կոչվող համակարգը, ամեն դեպքում այն փխրուն է, ու կազմակերպված այլընտրանքի դեպքում հնարավոր է ադեկվատ էլեկտորատ ունենալ:
Նիկոլը ՀԱԿ թեկնածուներից մեծամասնականով ամենաշատ ձայներն էր հավաքել, ու սա հիշելը ևս կարևոր է: Այժմ շահարկվում է, որ Նիկոլն ու մյուսները պատգամավոր են դարձել հենց առաջին նախագահի հեղինակությամբ: Ինչ որ իմաստով դա այդպես է, բայց բոլոր գործիչները Կոնգրեսում, անկախ սեփական մասնակցության ինքնուրույնությունից ու չափից, ունեն որոշակի պատասխանատվություն թե Կոնգրեսի հաջողություններում, թե անհաջողություններում, այդ թվում Նիկոլը: