Պետական բյուջեի հարկային եկամուտները ձևավորվում են ոչ թե իրական տնտեսական աճի արդյունքում, այլ ՀՆԱ անվանական մեծությամբ պայմանավորված: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2013թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար, ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը' պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին, թե ինչպես է ստացվում, որ նախատեսված 6.2 տոկոս տնտեսական աճի փոխարեն ունենում ենք 3.5 տոկոս աճ, իսկ այդ ընթացքում զգալիորեն ավելանում են հար կային եկամուտները:

 

«ՀՆԱ-ի անվանական մեծությունն ունեցել է որոշակի աճ, որն, իհարկե, եղել է կանխատեսվածից ցածր, սակայն նույնիսկ այդ պայմաններում հնարավոր է եղել ունենալ հարկայինի այնպիսի կատարողական, որի արդյունքում մենք ունեցել ենք շուրջ 122.6 միլիարդ դրամ հարկային եկամուտներ և տուրքեր՝ 2012թ. հետ համեմատ»,- ասաց Ջանջուղազյանը:

 

Ատոմ Ջանջուղազյանը բացատրեց, թե ինչով են պայմանավորված հարկային եկամուտների աճը: «Խոսքը վերաբերում է մի քանի գործոնների, որոնք կարող էի այսպիսի կատարողական կանխորոշել: Առաջինը տնտեսության ակտիվության գործոնն է, երկրորդը հարկային օրենսդրության փոփոխությունն է և երրորդը վարչարարության փոփոխությունն է»,- ասաց նա: