ՀՀ նախագահի սպասվող ընտրություններին ընդառաջ ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը արդեն ձեւավորված է: Սերժ Սարգսյանի կենտրոնական նախընտրական շտաբը կղեկավարի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով կունենա 5 տեղակալ, առաջին տեղակալը կլինի Սերժ Սարգսյանի փեսան' Միքայել Մինասյանը: Քաղաքագետ-վերլուծաբան Գագիկ Համբարյանի համոզմամբ՝ Սերժ Սարգսյանը, չնայած այն հանգամանքին, որ ստեղծել է կանխատեսելի ընտրությունների բոլոր նախապայմանները, այնուամենայնիվ պրոֆեսիոնալ նախընտրական շտաբ է ստեղծել:

«Որովհետեւ Սերժ Սարգսյանի հիշողությունից դեռ չեն ջնջվել 2008 թ-ի նախագահի ընտրությունները: Այն ժամանակ էլ բոլորն ասում էին, որ ինքը անպայման կհաղթի, բայց ի՞նչ եղավ...կարճ ժամանակում Լեւոն Տեր- Պետրոսյանին հաջողվեց իր շուրջը համախմբել բողոքավոր եւ դժգոհ զանգվածին: Բայց այսօր էլ ոչինչ չի փոխվել, դժգոհող մասսան կա... Եվ ճիշտ է, հենց սկզբից Սերժ Սարգսյանին հաջողվեց խաղից դուրս հանել հակառակորդներին, բայց պրոֆեսիոնալ շտաբ ձեւավորելով նախ ցանկանում է թույլ չտալ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի պոտենցիալ ընտրողներին կողմնորոշվել, շուռ գալ կամ համախմբվել նոր գաղափարների կամ լիդերների շուրջ»: Ըստ քաղաքագետի՝ չնայած կանխատեսելի ընտրություններին, հնարավոր չէ ունենալ 40-45 տոկոս աղքատության իրական մակարդակ ու չվախենալ այլ սցենարներից: «Իրենք էստեղ, իհարկե, շատ մտածելու տեղ ունեն: Քանի որ իրենց տնտեսական քաղաքականությունը, որը վարում էր կառավարությունը, ժողովրդի սոցիալական բարեկեցությունը 4-5 տարիների ընթացքում ոչինչ չփոխեց: Իշխանություններին հաջողվել է միայն մեկ անգամ բարձրացնել աշխատավարձը 2,5 հազար դրամով, էդքան էլ թոշակն են բարձրացրել: Չունենալով լուրջ հակառակորդներ՝ Սերժ Սարգսյանը բավականին մտածելու տեղիք եւ պրոֆեսիոնալ շտաբ ձեւավորելու անհրաժեշտություն ուներ»:

Բացի այդ, ըստ քաղաքագետի, նման շտաբ ձեւավորելու այլ անհրաժեշտություն էլ կար: Դա այն է, որ Սերժ Սարգսյանի սեփական թիմին եւ թիմակիցներին չվստահելու խնդիր ունի: Այդ իսկ պատճառով նա իր ընտանիքի անդամին՝ փեսային, նշանակում է շտաբում գլխավոր պաշտոնյա՝ շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին:

«Սերժ Սարգսյանը շատ լավ գիտի՝ ինչ է տեղի ունեցել 2008 թ-ին, եւ պատճառներ ունի իր թիմից շատ շատերին չվստահելու: Որովհետեւ այն ժամանակ իշխանությունում եղան քաղաքական գործիչներ, ովքեր ընտրություններից հետո՝ Մարտի մեկին մոտ, տրյուկներ կատարեցին մեկ թիմից մյուսն անցնելու, ինչ մնում է ՝սա նաեւ վերահսկելու կարեւորագույն մեթոդներից մեկն է: Չունենալով որդի' ե´ւ իր շրջապատում, ե´ւ բարեկամների մեջ ամենագրագետ անձնավորությունը հավանաբար Միքայել Մինասյանն է, եւ Սերժ Սարգսյանը նրան պիտի վստահեր շտաբը: Կիրառվող մեթոդ է սա նաեւ Ուկրաինայում, Ռուսաստանում: Ուր գլխավոր խորհրդականները աղջիկները, փեսաներն ու որդիներն են»,-ասաց ԳագիկՀամբարյանը:

Քրիստինա Մկրտչյան