Ուգանդայի ԱԳ նախարար Սեմ Կուտեսան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ է ընտրվել աշնանը բացվող 69-րդ նստաշրջանի ընթացքում, մեկամյա ժամկետով այդ պաշտոնում նա կփոխարինի ՄԱԿ-ի ԳԱ-ի ներկայիս նախագահ Ջոն Էշին Անտիգուա եւ Բարբուդայից:

 

ՄԱԿ-ի ԳԱ-ի ամբիոնից խոսելով նրա աշխատանքի գերակայությունների մասին՝ Կուտեսան հայտարարել է վեճերի խաղաղ կարգավորման համար ջանքերի ու նախաձեռնությունների անհրաժեշտության մասին:

 

«Հակամարտությունների կանխումն ավելի էժան եւ կայուն տարբերակ է: Հետհակամարտային իրավիճակներում մեզ անհրաժեշտ է ակտիվացնել խաղաղապահ ջանքերը եւ երկրներին ցուցաբերվող աջակցությունը' այնտեղ արդյունավետ ազգային հաստատություններ կառուցելու համար»,- ասել է Կուտեսան:

 

Կուտեսան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի գլխավոր թեմա է հայտարարել «Զարգացումը եւ դրա անցումային օրակարգի իրագործումը 2015 թվականից հետո», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: