ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց հունիսի 18-ին' ժամը 12:00-ին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու մասին որոշման նախագիծը: Ներկայացնելով որոշման նախագիծը' ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ օրակարգում ներկայացված են առավել առաջնային հարցեր, որոնք կարող են փոփոխություններ մտցնել Հայաստանի տնտեսական կյանքում: «Օրակարգում կլինեն Փոքր և միջին ձեռնարկությունների խթանման, ինչպես նաև հարկային քաղաքականությանը վերաբերող հարցեր: Որոշ նախագծեր էլ դեռևս մշակման փուլում են»,- ասաց նա:

 

Արտահերթ նստաշրջանի օրակարգում ներառված է 29 հարց, այդ թվում' մի շարք օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծեր, «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ, «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ և այլ նախագծեր, ինչպես նաև ՀՀ կառավարության և ԳԴՀ կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր: