Կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքը դեռևս պատրաստ չէ: Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցների ժամին տեղեկացրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտնել է, որ իրենք տեղեկութուն ունեն, որ կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքն արդեն պատրաստ է և շուտով կբերվի խորհրդարան, սակայն քաղաքական ուժերի ներկայացուցիչներն այդպես էլ օրենքի մշակմանը մասնակցելու հրավեր չեն ստացել: «Փաթեթը դեռևս պատրաստ չէ: Մենք Հանրապետական կուսակցությունում վաղը կքննարկենք օրենքի մշակման հետ կապված հարցեր, որից հետո արդեն կունենանք մեր առաջարկությունները»,- նշեց Բաղդասարյանը:

 

Նրա խոսքով' կուսակցությունում քննարկումից հետո արդեն հանդիպում կլինի բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերի հետ, և հիմնական քննարկումները կընթանան արդեն այդ հանդիպման ժամանակ: «Բնականաբար, յուրաքանչյուր քաղաքական ուժ իր կարծիքը պետք է ունենա. եթե մենք դեռ չենք ավարտել, ինչպե՞ս կարող ենք այլ քաղաքական ուժերի հետ քննարկել»,- նկատեց Բաղդասարյանը:

 

Նա վստահեցրեց, որ շահագրգիռ քաղաքական ուժերի հետ հանդիպումը լինելու է, և բոլոր շահագրգիռ կողմերն էլ մասնակցելու են նոր օրենսդրական փաթեթի մշակման աշխատանքներին և դրա հետ կապված քննարկումներին:

 

ԱԺ-ում ճեպազրույցիների ժամին ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշել էր, որ իրենք տեղեկություն ունեն, որ կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենսդրական փաթեթն արդեն պատրաստ է և առաջիկայում կներկայացվի խորհրդարանի քննարկմանը: Պատգամավորը մտահոգություն է հայտնել, որ քաղաքական ուժերին, ինչպես խոստացվել էր, հրավեր չի ուղարկվել օրենքի մշակմանը մասնակցելու համար:

 

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը ՀՀ Սահմանադրությանը հակասող է ճանաչել կուտակային կենսաթոշակների մասին օրենքի որոշ դրույթներ: ՍԴ-ն կառավարության մինչև սեպտեմբերի 30-ը ժամանակ է տվել կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքը ներկայացնելու համար: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ նոր օրենսդրական փաթեթի մշակմանը կմասնակցեն բոլոր քաղաքական ուժերը: