«Մեծարգո Հովիկ Արգամի Աբրահամյան,

 

Ողջունում ենք Ձեզ, քանի որ գիտակցելով ստանձնել եք վարչապետի պատասխանատու պաշտոնը, և ձեր' պրակտիկ և անմիջական ղեկավար լինելը մեզ հույս է ներշնչում, որպեսզի դիմենք Ձեզ և ներկայացնենք գյուղատնտեսության ոլորտում տիրող չարիքներից մեկը' ՋՕԸ-ի առկայությունը, որը, հանդիսանալով միջնորդ կազմակերպություն, դարձել է գյուղատնտեսության մեջ փոքր և միջին բիզնեսի զարգացումը խոչընդոտող, ինչպես նաև գյուղաթափմանն ու արտագաղթին նպաստող գործոն:

 

Ինչպես հայտնի է բոլորիս, տարածաշրջանում հարևան պետությունները ոռոգման ջրի դիմաց հողօգտագործողներից գանձումներ չեն կատարում, իսկ ամբողջ աշխարհում գյուղատնտեսությունը պետության կողմից միշտ էլ օժանդակվում է և գտնվում դոտացիոն կարգավիճակում:

 

Իսկ ինչ է կատարվում մեզ մոտ. դեռ 2013 թվականին «Հենարան» կայքում արտացոլվել է Արագածոտնի մարզի Կոշ գյուղում գտնվող ծիրանի այգու խնդիրը' սեփականատերեր Արամ և Էմմա Երանոսյանների (համապատասխանաբար 6.5 և 3.5 հա) և «Շամիրամ» ՋՕԸ-ի կողմից իրականացվող անարդարությունների և ամենաթողության վերաբերյալ, ինչի կապակցությամբ մինչև օրս հարցին լուծում չի տրվել: Այգին գտնվում է չորացման վտանգի առջև:

 

Խնդիրը հասկանալու համար ներկայացնում ենք վեճի առարկան:

 

2003 թվականին գյուղօգտագործման չորրորդ և հինգերորդ կարգի վարելահողի վրա հիմնել ենք վերոհիշյալ ծիրանենիների այգին: Կատարվել է մելորատիվ և ագրոքիմիական հսկայական աշխատանք, իսկ 2005թ. նախկինում գյուղի միջով անցնող ոռոգման քանդված ջրագիծը վերանորոգելու նպատակով համաշխարհային բանկի ծրագրի շրջանակներում ֆինանսապես մասնակցել ենք նոր ոռոգման ջրագծի կառուցման աշխատանքներին: Տարեկան 24% վարկ վերցնելով' մարել ենք պայմանագրի ֆինանսական բոլոր ծախսերը:

 

Այս ամենի համար ծախսվել են հսկայական գումարներ, մարդկային ռեսուրսներ և միջոցներ: Անտեսելով այս ամենը և խախտելով սեփականտիրոջ կողմից ջրագծի նկատմամբ ձեռք բերած իրավունքները' ՋՕԸ-ի ղեկավարությունը ջուր է մատակարարում մեր կողմից անցկացված ջրագծով, համայնքի այդ ուղղությամբ գտնվող հողօգտագործողներին և ջրի գինը գանձում է ոռոգված հողակտորի հեկտարի չափով:

 

Մենք դեմ չենք, այլ ընդհակառակը' ուրախ ենք, որ մեր կողմից ֆինանսավորված ջրագծից օգտվում են համագյուղացիները: Սակայն բազմիցս ՋՕԸ-ին խնդրել ենք, որ մեզանից նույնպես ջրագծի վարձը գանձեն ոռոգված հեկտարի չափով: Մեզ ջուրը տալիս են Յարցևի սարքի միջոցով' լիտր/վայրկյան չափով:

 

Շնորհիվ վերոհիշյալ սարքի' արհեստականորեն ջրի տատանումներ առաջացնելով, խախտելով սարքի աշխատանքը' նրանք առաջացնում են ոռոգման ժամկետի երկարացում:

 

20 լիտր/վայրկյան մշտական ջրի ապահովման դեպքում այգին ջրվել է 4-5 օրում, սակայն 2010 թվականից սկսած այգին ջրվել է 10-15 օրվա ընթացքում: Հաճախակի ընդհատումներով ջրելու հետևանքով շարքից դուրս են եկել մեծ քանակությամբ ծառեր: Այգին փրկելու նպատակով հաճախակի վճարել ենք նրանց կողմից ներկայացված գումարները, որոնք գնալով դառնում են ֆանտաստիկ: 2013 թվականին վճարել ենք 400 000 ՀՀ դրամ, որի դիմաց այգին ջրել ենք մեկ անգամ, սակայն երկրորդ անգամ ջուրը խնդրելուց հետո մի քանի անգամ ընդհատումներով ջուրը տալով' պահանջել են մուծում կատարել, ինչից հետո դադարեցրել են ջրի մատակարարումը: Մեր խնդրանքներին, որ բերքը իրացնելուց հետո վճարենք ջրի վարձը, նրանք չեն համաձայնվել:

 

2013 թվականին բերքի մոտ 70 տոկոսն այգին չջրելու պատճառով կորցրել է ապրանքային տեսքը և չի իրացվել:

 

Հարգարժան պարոն վարչապետ, մեր ընտանիքի եկամտի միակ աղբյուրը այգուց ստացված եկամուտն է:

 

Հայցում ենք Ձեր օբյեկտիվ միջամտությունը այգին չորանալուց փրկելու համար, ինչպես նաև հնարավորության դեպքում օժանդակել մեզ վերականգնել ՋՕ-ի կողմից հասցված վնասները: Նշենք նաև, որ այս ամենին տեղյակ է նաև Կոշ համայնքի ղեկավարը:

 

ՋՕԸ-ի աշխատակիցները Կոշ համայնքի բնակիչներ չեն, ինչի պատճառով էլ անտարբեր վերաբերմունք են դրսևորում այս ամենի հանդեպ: Ծառերը կենդանի են և ունեն խնամքի կարիք, ինչը մենք չենք կարող իրականացնել, քանի որ հայտնվել ենք ծանր ֆինանսական վիճակում, գոյացել են ժամկետանց պարտքեր և պարտավորություններ «Արդշինինվեստ» բանկում:

 

 

Արամ Երանոսյան

Էմմա Երանոսյան

Հեռախոսահամարներ կապ հաստատելու համար' 091 467885, 093 629449»: