Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում 65,71 տոկոս քվեաթերթիկների տվյալների ամփոփումից հետո առաջատարը «Վրացական երազանք» իշխող կոալիցիայից թեկնածու Դավիթ Նարմանիան է, ով հավաքել է ընտրողների ձայների 46,2 տոկոսը: Այս մասին տեղեկացնում է «Նովոստի Գրուզիան»:

 

Երկրորդ տեղում նախկին իշխող կուսակցության՝ «Միասնական ազգային շարժման» թեկնածու Նիկա Մելիան է՝ 27,76 տոկոս ձայներով:

 

12,86 տոկոս արդյունքով երրորդ տեղում «Նինո Բուրջանաձե-Միավորված ընդդիմություն» կոալիցիայի թեկնածու Դմիտրի Լորդքիփանիձեն է:

 

Ընտրություններում հաղթելու համար թեկնածուին անհրաժեշտ է հավաքել ընտրողների ձայների ավելի քան 50 տոկոսը, այլապես երկու առաջատարները կմասնակցեն երկրորդ փուլ, որը կանցկացվի ամփոփիչ արձանագրության հրապարակումից երկու շաբաթ անց:

 

Հունիսի 15-ին Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ ուղղակի ընտրությունների ճանապարհով ընտրվել են ոչ միայն Թբիլիսիի քաղաքապետը, այլև Վրաստանի 11 խոշոր քաղաքների՝ Ռուսթավի, Քութայիսի, Բաթումի, Գորիի, Փոթիի, Զուգդիդի, Օզուրգեթի, Թելավի, Ախալցխայի, Ամբրոլաուրիի, Մցխեթի ղեկավարները: Նաև կայացել են տեղական խորհուրդների (սակրեբուլոների) և 59 շրջանային վարչակազմերի ղեկավարների ընտրությունները:

 

Ընտրություններին մասնակցել է 24 ընտրական սուբյեկտ՝ չորս ընտրադաշինք և քսան կուսակցություն: Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 43,31 տոկոսը:

 

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երկրի բնակչությանը շնորհավորել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ: «Այսօր մենք ամբողջ աշխարհին ցույց տվեցինք, որ Վրաստանը մտադիր չէ շեղվել ժողովրդավարական եւ մշակութային զարգացման ընտրված ուղուց: Թող Աստված օրհին մեր երկիրն ու մեզանից յուրաքանչյուրին»,- ասված է հանրապետության նախագահի հայտարարության մեջ: