ԵԱՀԿ-ում նախագահող Շվեյցարիան կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին առաջընթացի հասնել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բարձր մակարդակի հանդիպումների միջոցով:

 

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասերը, ով 1995-1996 թվականներին ԵԱՀԿ Շվեյցարիայի նախագահության ընթացքում որպես Շվեյցարիայի պատվիրակության մշտական անդամ մասնակցել է ԼՂ բանակցություններին: Դեսպանի գնահատմամբ' Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում իննսունականներից ի վեր շատ փոփոխություններ տեղի չեն ունեցել, որոնց մասին կարելի լիներ խոսել: Իրավիճակն այնպիսին է, ինչպես քսան տարի առաջ, հակամարտության առանացքային խնդիրները շարունակում են մնալ չլուծված:

 

«Այն ժամանակ Շվեյցարիայի պատվիրակության կազմում ես մասնակցում էի ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված Մինսկի խմբի աշխատանքներին: Այս ձևաչափը շարունակում է գործել նաև այսօր: Այն լավ ձևաչափ է. միակը, որ միջազգայնորեն զբաղվում է հակամարտության կարգավորման հարցով: Բայց շատ դժվար է առաջընթացի հասնել: Այս տարի ԵԱՀԿ նախագահութունը ստանձնած Շվեյցարիան գործադրում էր բոլոր ջանքերը աջակցելու Մինսկի խմբին և խրախուսում հակամարտող կողմերին առաջընթացի հասնել նախագահների միջև բարձր մակարդակի հանդիպումների միջոցով: Կարծում եմ' սա է հակամարտության կարգավորման ճիշտ ուղին»,- ասաց դեսպանը' կարևորելով նաև կողմերի միջև փոխվստահության հաստատման անհրաժեշտությունը, ինչը, ըստ նրա, կնպաստի շփման գծում և Ադրբեջանի հետ միջազգային սահմանին տեղի ունեցող դժբախտ միջադեպերի նվազեցմանը: