Երթևեկության բարելավման նպատակով' ս/թ. հունիսի 17-ից Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի և Գ. Նժդեհի փողոցի խաչմերուկում կատարվելու է երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

 

Գր. Լուսավորիչ ու Ագաթանգեղոս փողոցների և Արշակունյաց պողոտայի խաչմերուկից' Արշակունյաց պողոտայով դեպի Աշխատանքի հրապարակի ուղղությամբ երթևեկելիս' Արշակունյաց պողոտա-Գ.Նժդեհի փողոց խաչմերուկում դեպի ձախ երթևեկությունը' Գ.Նժդեհի փողոցով դեպի Արցախի փողոց, այսուհետ արգելվում է։ Նշված ուղղությամբ երթևեկելիս Գ.Նժդեհի փողոցով դեպի Արցախի փողոց երթևեկելու համար անհրաժեշտ է Արշակունյաց-Գ.Նժդեհ խաչմերուկն ուղիղ երթևեկել մոտ 150 մետր, կատարել հետադարձ և Արշակունյաց-Գ.Նժդեհ խաչմերուկում կատարել աջ շրջադարձ, ապա Գ.Նժդեհի փողոցով երթևեկել դեպի Արցախի փողոցի ուղղությամբ։

 

Ժամանակին նույն սկզբունքով է կազմակերպվել նշված խաչմերուկի երթևեկությունը հակառակ ուղղությամբ' Աշխատանքի հրապարակից Արշակունյաց պողոտայով դեպի Գր. Լուսավորիչ-Ագաթանգեղոս-Արշակունյաց խաչմերուկ երթևեկելիս։

 

Նշված ուղղությամբ երթևեկելիս Գ.Նժդեհի փողոցով դեպի Գ.Նժդեհի հրապարակ երթևեկելու համար անհրաժեշտ է Արշակունյաց-Գ.Նժդեհ խաչմերուկն ուղիղ երթևեկել մոտ 150 մետր, կատարել հետադարձ և Արշակունյաց Գ.ՆԺդեհ խաչմերուկում կատարել աջ շրջադարձ ու երթևեկել դեպի Գ.Նժդեհի հրապարակի ուղղությամբ։

 

Գ.Նժդեհի փողոցով երթևեկելիս Արշակունյաց-Գ.ՆԺդեհ խաչմերուկում երկու ուղղություններից էլ ձախ շրջադարձ կատարելը թույլատրվում է։