ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ Է արել Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքին՝ երկխոսություն սկսել եւ փորձել կանգնեցնել բռնությունը երկրի տարածքում: Այդ մասին հունիսի 17-ին հաղորդել Է Reuters գործակալությունը:

 

«Հուսով եմ, որ, օգտվելով հարեւան երկրների եւ միջազգային հանրակցության աջակցությունից, մենք կկարողանանք օգնել Իրաքի կառավարությանը՝ նախեւառաջ վերականգնելու երկրի կայունությունն ու խաղաղությունը»,-հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Ժնեւում կայացած մամուլի ասուլիսում:

 

Իրաքի իրադրությունը կտրուկ վատացել Է հունիսի սկզբին, երբ «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) խմբավորման զինյալները գրավեցին Մոսուլ եւ Թիկրիտ խոշոր քաղաքները եւ հայտարարեցին Բաղդադի վրա հարձակում ծավալելու մտադրության մասին: Իրաքի զինծառայողները ծայրահեղականների ուժերի ճնշման ներքո փախչում Էին այդ շրջաններից, շատ զինվորականներ գերեվարվել են կամ մահապատժի ենթարկվել զինյալների կողմից:

 

Ավելի ուշ Իրաքի իշխանությունները հայտնել են, որ երկրի զինված ուժերին, Իրաքյան Քրդստանի տարածքում գործող ջոկատների, ինչպես նաեւ տեղի առանձին ցեղերի զինված կազմավորումների հետ համատեղ, հաջողվել Է հետ մղել Բաակուբա քաղաքի վրա (Բաղդադից 60 կիլոմետր հյուսիս ընկած շրջանում) ԻԼԻՊ-ի հարձակումը, զինյալներին դուրս մղել Մոսուլից եւ ազատագրել Թիկրիտը, Սամարան եւ Թաջին: Անցկացված հակաահաբեկչական գործողության արդյունքում իրաքյան բանակի հսկողության տակ Է անցել Նաեւ Նինվեի նահանգի Տել Աֆար բնակավայրը, ոչնչացվել են ԻԼԻՊ-ի 250-ից ավելի զինյալներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: