ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հայտարարություն է ընդունել, որով կոչ է անում հետաքննել Լուգանսկի մերձակայքում հրետակոծման հետեւանքով «Ռուսաստան 1» հեռուստաալիքի լրագրող Իգոր Կորնելյուկի եւ հնչյունային ռեժիսոր Անտոն Վոլոշինի զոհվելու հանգամանքները: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՄԱԿ-ին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինին:

 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը «մտահոգություն է հայտնել Ուկրաինայի ճգնաժամը լուսաբանող լրագրողների ձերբակալումների եւ նրանց վրա հարձակումների բազմաթիվ դեպքերի կապակցությամբ»: ԱԽ-ի անդամները ցավակցություն են հայտնել զոհված բոլոր լրագրողների ընտանիքներին, այդ թվում՝ ոչ միայն Ռուսաստանի հեռուստառադիոընկերության նկարահանող խմբի աշխատակիցների, այլեւ իտալացի լրագրող Էնդի Ռոկելլիի, որը մայիսի 25-ին հրետակոծման հետեւանքով զոհվել էր Սլավյանսկի մերձակայքում:

 

Ռուսաստանի ԱԳ նախարարությունը դատապարտել է ռուս լրագրողների սպանությունը: Իսկ ՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը նրանց զոհվելու համար մեղադրել է Ուկրաինայի ղեկավարությանը: ՌԴ-ի Հետաքննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել լրագրողների գնդակոծման փաստով:

 

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ՄԱԿ-ի խնդրանքով հանձնարարել է հետաքննել Կոռնելյուկի եւ Վոլոշինի զոհվելու հանգամանքները: