Իրաքի քաղաքական գործիչները դիմել են տարածաշրջանի և աշխարհի երկրներին՝ կոչ անելով կանգնել Իրաքի կողքին և աջակցել ժողովրդին: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, Իրաքի Ազգային դաշինքի ղեկավար Իբրահիմ ալ Ջաաֆաին նշել է, որ պետք է դիմակայել վտագին, որը սպառնում է տարածաշրջանին և ողջ աշխարհին: «ԻԼԻՊ-ը և «Ալ Կաիդա»-ն և ահաբեկչական բոլոր ուժերը կրոն չեն ներկայացնում, նրանք մեր բոլորի թշամիներն են»,- նշել է նա՝ կոչ անելով սուննիներին և շիաներին միավորվել ահաբեկիչների դեմ՝ պահպանելով ազգային միաբանությունը: Հունիսի 17-ին Բաղդադում կայացած հանդիպման ժամանակ ներկա է եղել նաև վարչապետ Նուրի Մալիքին:

 

Արաբական աղբյուրները տեղեկացնում են, որ ԻԼԻՊ խմբավորումը իրաքյան Մոսուլ քաղաքի մերձակայքում 40 հնդիկ բանվորներ է առևանգել: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին կոչ է արել բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել գերիներին ազատ արձակելու ուղղությամբ, սակայն դեռևս հստակ չէ նրանց գտնվելու վայրը:

 

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ ահաբեկիչները գերի են վերցրել Թուրքիայի, Պակիստանի, Նեպալի, Բանգլադեշի 60 բանվորների:

 

Իրաքում իրավիճակը կտրուկ վատացել էր այն բանից հետո, երբ ԻԼԻՊ-ը լայնածավալ գորոծղություններ էր սկսել Իրաքի հյուսիսում: Նրանք ամբողջովին գրավել են Նինվե նահանգի Մոսուլ քաղաքը: