Թբիլիսիում' Հավլաբարի շրջանի նախագահական պալատում, տեղի է ունեցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը: Սերժ Սարգսյանին դիմավորել ու ուղեկցել է Վրաստանի ղեկավար Գիորգի Մարգվելաշվիլին, նախագահները երկուստեք ողջունել են պատվիրակություններին, նվագախմբի հնչյունների ներքո անցել կարմիր գորգի վրայով:

 

Այցի շրջանակներում նախատեսված է Հանրապետության Նախագահի առանձնազրույցը Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ, որին կհաջորդեն երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները և հայ-վրացական համագործակցության խորացմանն ու զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Գիորգի Մարգվելաշվիլին բանակցությունների արդյունքները կամփոփեն զանգվածային լրատվամիջոցների առջև համատեղ հայտարարությամբ:

 

Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա նաև Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

 

Վրաստանի մայրաքաղաքում Նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի «Հերոսների» հրապարակ և ծաղկեպսակ կդնի հուշակոթողին:

 

Սերժ Սարգսյանը Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական ակադեմիական թատրոնում ներկա կգտնվի Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված գալա համերգին ևս: