Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն իր մտահոգությունն է հայտնում Գառնիի տաճարը բանկետ իրականացնելու համար մասնավոր անձանց տրամադրելու փաստի առնչությամբ: «Տրանսֆերային գնագոյացման մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ Սամվել Ֆարմանյանը ելույթ ունեցավ՝ ընդգծելով, որ իր ելույթն օրենքի նախագծի հետ կապ չունի, սակայն շատ կարևոր է: «Երեկ ես հյուրեր ունեի դրսից, ում ցանկանում էի ցույց տալ Գառնիի տաճարը, մեր պատմամշակութային ժառանգություններից մեկը, սակայն մեզ մոտեցան ինչ-որ մասնավոր պահնորդներ և ասացին, որ չենք կարող մտնել»,- ասաց Ֆարմանյանը՝ ընդգծելով, որ պարզվել է, որ այդ պահին տաճարը տրվել է ինչ-որ մասնավոր անձի՝ բանկետ իրականացնելու համար:

 

Ֆարմանյանը նշեց, որ բազմաթիվ զբոսաշրջիկներ դրսում սպասում էին տաճար մտնելու համար, սակայն ոչ մեկին ներս չէին թողնում: «Ես կապ հաստատեցի մշակույթի նախարարի հետ, և միայն նրա միջնորդությամբ մեզ՝ որպես բացառություն, ներս թողեցին»,- ասաց պատգամավորը:

 

Նա դիմեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ կոչ անելով այս հարցն առաջ քաշել համապատասխան պետական մարմինների մոտ և հասկացնել, որ եթե նույնիսկ մեր պետական միջոցները սուղ են և բավարար չեն պատմամշակութային ժառանգություն հանդիսացող հուշարձաններն ըստ արժանվույն պահպանելու համար, դա չի նշանակում, որ պետք է այդ հուշարձաններն ինչ-որ մասնավոր անձերի տրամադրեն իրենց բանկետներն իրականացնելու համար: «Ես համոզված եմ, որ այդ մասնավոր անձինք Գառնիի մասին երեք բառ չեն կարողանալու իրար կապել: Սա անընդունելի է, և այս հարցին մենք պետք է ուշադրություն դարձնենք»,- եզրափակեց պատգամավորը:

 

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդգծեց, որ հարցն իսկապես կարևոր է, և ինքը քայլեր կձեռնարկի այս հարցը լսումների դաշտ տեղափոխելու համար: