«Օրինաց երկիր» կուսակցությունն ունի սեփական քաղաքական օրակարգը' միևնույն ժամանակ փորձելով համագործակցել խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի հետ տարբեր հարցերի շուրջ: Այս մասին Ազգային ժողովում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը: «ՕԵԿ-ի քաղաքական խորհուրդը վերջին նիստի ժամանակ հաստատեց քաղաքական գերակայության հաջորդականությունը, ինչը լինելու է Օ ԵԿ գործունեության հիմքում, վերջինը վերաբերում է մեր երկրի քաղաքական, տնտեսական, սոցիալական հարցերին: ՕԵԿ վարչության նիստում կքննարկվեն այդ հարցերը, որոնք կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը կներկայացնի մամուլի ասուլիսի ժամանակ»,-ասաց Մհեր Շահգելյանը:

 

Հարցին ի պատասպան, թե ՕԵԿ-ը համագործակցո՞ւմ է չորս ոչ իշխանական ուժերի հետ, Մհեր Շահգելդյանը նշեց, որ համագործակցության տարբեր ուղղություններ կան: «Մենք միշտ ասել ենք, որ ՕԵԿ-ը գնում է իր քաղաքական օրակարգով, բայց բազմաթիվ դեպքերում մեր մոտեցումները կարող են համընկնել ինչպես այս կամ այն հարցի առնչությամբ, այնպես էլ ընթացիկ քաղաքական գործընթացների»,-նշեց պատգամավորը:

 

Խոսելով արտախորհրդարանական ուժերի և քաղաքացիական նախաձեռնությունների հետ կոնսուլտացիաների մասին' Մհեր Շահգելդյանը նշեց, որ նախնական պայմանավորվածություններ ունեն արտախորհրդարանական ուժերի հետ, որը իրենք դրական են գնահատում: «Առաջիկայում հանրությունը կտեղեկացվի յուրաքանչյուր հանդիպման մասին»,-հավելեց պատգամավորը:

 

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենսդրական նոր նախաձեռնության վերաբերյալ ՕԵԿ-ն ունի իր տեսակետը, մասնավորապես, պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նկատեց. «Կուտակայինի պարտադիր բաղադրիչի մնալուն մենք դեմ ենք, այն պետք է լինի կամավոր: Բացի այդ' մեզ համար անընդունելի է, որ քաղաքացիների համար հարկային բեռ ավելացնենք և տարանջատենք մեր քաղաքացիներին»:

 

Ազգային ժողովը հունիսի 18-ին մեկնարկած արտահերթ նիստում կքննարկի «Կուտակային կենսաթոշակների մասին» և ևս մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որը վերաբերում է կուտակային կենսաթոշակի համակարգն ուժի մեջ մտնելուց հետո տնօրինվող եկամտի նվազեցում թույլ չտալուն, այլ կերպ ասած՝ կրճատմանը: Փաթեթը նախատեսում է 2014թ. հուլիսի 1-ից համակարգը գործարկել պետական հատվածի աշխատողների համար, իսկ մասնավոր հատվածի համար՝ ներդնել կամավոր, երեք տարի ժամկետում՝ փուլային ճանապարհով: 2014թ. հունվա րի 1-ին ուժի մեջ մտած օրենսդրությամբ սահմանված պարտադիր վճարը այլևս չի կատարվելու, օրենքով սահմանվում է պետբյուջե կատարվող նպատակային սոցիալական վճար՝ 5 տոկոս դրույքաչափով: Առաջարկվում է սահմանել 500 հազար դրամ աշխատավարձի շեմ, որից ավելիի դեպքում սոցվճար չի կատարվելու, այսինքն՝ առավելագույն սոցվճարը բոլորի համար լինելու է 25 հազար դրամ՝ կախված աշխատավարձի չափից: