Ցանկացած պատմամշակութային հուշարձան պետք է ունենա իր անձնագիրը, որում պետք է գրվի, թե ինչպիսի միջոցառումներ կարելի է այնտեղ իրականացնել և ինչպիսի միջոցառումներ չի կարելի: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ճարտարապետ Սաշուր Քալաշյանը: Քալաշյան ասաց, որ ամեն մի հուշարձան պետք է ունենա իր պահպանման գոտին և օգտագործման կարգը:

 

«Հուշարձանի անձնագրի մեջ պետք է գրվի' օրինակ հարսանիք չի կարելի կազմակերպել, այլ միջոցառում չի կարելի: Պետք է այնպիսի միջոցառումներ կազմակերպել, որոնք չվնասեն հուշարձանին»,-նշեց Սաշուր Քալաշյանը:

 

Ճարտարապետի կարծիքով, Հայաստանում պարբերաբար ականատես ենք լինում որևէ հուշարձանի նկատմամբ վատ վերաբերմունքի: «Ցավում եմ դրա համար, որ մենք միշտ այդ հարցին անդրադառնում ենք, երբ իրողությունը կատարվում է: Հուշարձանների պահպանման խնդիր կա շատ երկրներում, բայց այնտեղ հանրային քննարկումներ են տեղի ունենում: Մեզանում մեկ օրվա ընթացքում են լուծվում»,-նշեց ճարտարապետը:

 

Գրականագետ Դավիթ Գասպարյանը նշեց, որ Գառնիի, Գեղարդի մոտ որևէ շինություն կառուցելու փոխարեն կարելի է ստեղծել տաղավարներ, որոնք նաև աչքի համար ակնահաճո տեսք կունենան: «Արժեքները պետք է պահել ու պահպանել»,-նշեց Գասպարյանը:

 

Անդրադառնալով օրերս Զվարթնոցի տարածքում տեղի ունեցած խնջույքին' Գասպարյանն այն որակեց որպես «պախարակելի երևույթ»: «Նույնն է, որ Փարիզի Աստվածամոր տաճարը փակեն և իրականացնեն նմանատիպ միջոցառում: Մեր հուշարձանները պետք է վերահսկվեն պետական մակարդակով»,-նշեց Գասպարյանը: