ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր' հունիսի 19-ին, ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: Զրուցակիցները քննարկել են նախատեսվող վարչատարածքային բարեփոխումներին, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ (ՄԶԳ) մարզերում իրա կանացվող ծրագրերին, ինչպես նաեւ թրաֆիքինգի դեմ պայքարին առնչվող հարցեր:

 

Փոխվարչապետը տեղեկություններ է ներկայացրել վարչատարածքային բարեփոխումների նախապատրաստման ընթացքի մասին: Նշվել է, որ մշակվում է օրենսդրական փաթեթ, մասնավորապես, փոփոխություններ են առաջարկվում «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում՝ տեղերում հանրաքվեների անցկացման մեխանիզմների ճշգրտման նպատակով: Նախատեսվում է, որ փաստաթուղթը կառավարություն կներկայացվի օգոստոսին:

 

Կառավարության առաջնահերթություններից է շարունակում լինել տարածքների համաչափ զարգացումը, եւ այս համատեքստում փոխվարչապետը դրական է գնահատել ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ համայնքներում իրականացվող զարգացման ծրագրերը, որոնք նպաստում են փոքր տնտեսությունների ստեղծմանը: «Կառավարությունը խրախուսում է մարզերում փոքր տնտեսությունների, ինչպես նաեւ ընտանեկան ձեռնարկատիրությունների զարգացմանը, եւ իրականացվող ծրագրերը համահունչ են այդ առաջնահերթությանը»,-նկատել է նա:

 

Կողմերը քննարկել են նաեւ թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղությամբ կատարվող աշխատանքների, ինչպես նաեւ փոխվարչապետի կողմից ղեկավարվող ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի գործունեությանը վերաբերող հարցեր: Արմեն Գեւորգյանն ընդգծել է, որ կառավարությունը խնդրին մեծ ուշադրություն է դարձնում: «Առաջին անգամ կառավարության ծրագրում անդրադարձ կա նաեւ թրաֆիքինգի խնդրին: Մենք շարունակելու են թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքները, եւ շնորհակալ ենք մեր միջազգային գործընկերներին՝ այդ աշխատանքներում մեզ աջակցելու համար»,-նշել է փոխվարչապետը:

 

Նա տեղեկացրել է, որ մշակվել եւ արդեն Ազգային ժողով է ներկայացվել համապատասխան օրենսդրական փաթեթ, որը վերաբերում է թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց նույնացմանը, նրանց աջակցության, պաշտպանության եւ սոցիալական վերաինտեգրմանը: Բացի այդ, կառավարության եւ խորհրդի ուշադրության կենտրոնում են լինելու աշխատանքային թրաֆիքինգին վերաբերող հարցերը:

 

Զրուցակիցներ երկուստեք դրական եւ արդյունավետ են համարել այս ոլորտում ՀԿ-ների հետ սերտ համագործակացությունը եւ ընդգծել են երեւույթի դեմ պայքարի ուղղությամբ հետեւողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը: