Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ հունիսի 20-ին տեղական ժամանակով մոտ 06:45-ին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծի հատվածում տեղակայված զորամասերից մեկի զինվոր Բահրուզ Խագանի օղլու Աղաքիշիեւը իրեն ամրակցված ավտոմատ զենքով գնդակահարել է իր ծառայակիցներ Քամրան Ինթիգամ օղլու Ահմեդովին եւ Նեյման Էլման օղլու Աբդուլլաեւին: Ահմեդովը ծանր վիրավորվել, Աբդուլլաեւը տեղում մահացել է: Ծառայակիցներին գնդակահարելուց հետո Աղաքիշիեւը իր իսկ զենքով ինքնասպանություն է գործել: Այս մասին հայտնում է APA լրատվական գործակալությունը:

 

Վիրավոր զինվորը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ:

 

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծի արեւմտյան հատվածում: Միջադեպի հետ կապված քրեական գործ է սկսվել: Ռազմական դատախազությունը հետաքննություն է անցկացնում:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' 2014 թվականի սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 45 զինծառայող, որոնցից 31-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում, այդ թվում' երեքը ականի պայթյունից, 74 զինծառայողներ էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: