ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց պարտադիր կուտակային վճարների և նպատակային սոցիալական վճարների տարբերությունը: «Պարտադիր կուտակային վճարը անձի աշխատավարձից պահվում էր և առանց պետական բյուջե փոխանցելու գնում էր ակտիվների կառավարիչներին: Սահմանադրական դատարանի որոշումը հենց այս դրույթին է անդրադարձ կատարել, որ այս փոխանցումը, որը պետական բյուջե չի մտնում, չի կարող դիտարկվել որպես պարտադիր սոցիալական վճար և այդ առումով հակասում է Սահմանադրությանը, քանի որ սեփականության իրավունքի նկատմամբ տեղի է ունենում տնօրինման սահմանափակում»,- ասաց նա՝ պատասխանելով ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին:

 

Նախարարն ընդգծեց, որ արդեն նոր օրինագծով սահմանված նպատակային սոցիալական վճարը, որը փոխանցվում է պետական բյուջե, սահմանադրաիրավական տեսանկյունից համապատասխանեցված է: «Նպատակային սոցիալական վճարը նաև ունի հստակ նպատակ. Այն պետք է կատարող անձի համար ապահովի պետության մասնակցությամբ լրացուցիչ կենսաթոշակ»,- ասաց Ասատրյանը:

 

Անդրադառնալով համակարգին գործատուների մասնակցությանը՝ Ասատրյանը նշեց, որ այդ մասնակցությունը ցանկացած պարագայում կա, քանի որ աշխատավարձից անվանական կատարվող վճարումները ի վերջո գործատուի կողմից աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներ են: «Գործատուի մասնակցությունը նվազագույն աշխատավարձի մասով առավել առարկայական է, քանի որ մենք Սահմանադրական դատարանի որոշման համաձայն խնդիր ունենք նվազագույն աշխատավարձ ապահովել տնօրինվող այն չափով, որն ամրագրված է օրենքի առաջին հոդվածով»,- ասաց Ասատրյանը:

 

Անդրադառնալով վերահսկողական մեխանիզմների մասին պատգամավորի դիտարկմանը՝ Արտեմ Ասատրյանը նշեց, թե քանի որ նպատակային սոցիալական վճարները գնում են պետական բյուջե, ապա Ազգային ժողովն էլ իր հերթին կկարողանա վերահսկողություն իրականացնել գումարների նկատմամբ: