Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն նշել Է այն երեք պայմանները, որոնք Ռուսաստանը պետք Է կատարի երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու համար, տեղեկացնում Է «Նովոստի Գրուզիա»-ն:

 

«Դրանք են՝ երկրի ապաօկուպացումը, հրաժարումը (Աբխազիայի եւ Հարավային Օսիայի) անկախության ճանաչումից եւ հրադադարի վերաբերյալ 2008 թվականի օգոստոսի 12-ի համաձայնագրի կատարումը»,-ասել Է Փանջիկիձեն հունիսի 20-ին Թբիլիսիում լրագրողների հետ կայացած հանդիպմանը:

 

Հունիսի 19-ին ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել Էր, թե «Ռուսաստանը որոշում չի ընդունել 2008 թվականի օգոստոսին դրանց (դիվանագիտական հարաբերությունների) խզման մասին, ուստի Ռուսաստանը չԷ, որ պետք Է մտածի դրանց վերականգման պաշտոնական կողմի մասին»: Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ պետք Է ամեն ինչ անել՝ «վերականգնելու այն բարի ավանդույթները, որոնք մշտապես եղել են Վրաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդների միջեւ»:

 

Ինչպես հայտարարել Է Փանջիկիձեն, Ռուսաստանի հետ երկխոսության ոչ մի ձեւաչափով, ներառյալ Ժնեւյան բանակցությունները եւ երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպումները, դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարց չի քննարկվել:

 

Ժնեւի բանակցությունները 2008 թվականի հոկտեմբերից անցկացվում են այն պայմանավորվածությունների հիման վրա, որոնք Վրաստանում 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո ձեռք են բերվել ԵՄ-ի, ՄԱԿ-ի եւ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) միջնորդությամբ: Ժնեւի հանդիպումներին մասնակցում են Վրաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի պատվիրակությունները, աբխազական եւ հարավօսական կողմերի ներկայացուցիչները: