Հոմսի Նուզհա թաղամասում ականապատ մեքենայի պայթյունից 6 մարդ զոհվել է, ևս 40-ը՝ վիրավորվել: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, պայթյունը որոտացել է հունիսի 19-ի երեկոյան Մայսալուն դպրոցի մերձակայքում: Բացի մարդկային վնասներից, նյութական խոշոր վնասներ են կրել առևտրի կենտրոնները, կայանված մեքենաները: Հոմսի բժշկական աղբյուրները տեղեկացրել են, որ վիրավորների թվում կան կանայք և երեխաներ, որոնք անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց և անհրաժեշտ բուժօգնություն ստացել:

 

Ավելի վաղ՝ հունիսի 13-ին, զինյալների կողմից իրականացված ականապատ մեքենայի պայթյունից 7 մարդ զոհվել, ևս 55-ը վիրավորվել էր:

 

Բացի այդ, Դամասկոսի մերձակայքում գտնվող Աշ ալ Ուրուր, Թադամուն, Ռուքն ադ Դին, Բուսթան Դաուր Սաքինիե շրջաններում հրասանդեր են ընկել, որոնց հետևանքով 2 քաղաքացի զոհվել են, ևս 12-ը' վիրավորվել:

 

«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ Համայի մարզի Հուրրա գյուղում պայթյուն է տեղի ունեցել կառավարական ուժերի հավաքատեղիի մերձակայքում, ինչի հետևանքով տասնյակ զինվորներ են զոհվել: Տեղեկություններ կան, որ զոհվել է 34 մարդ, ևս 40-ը' վիրավորվել:

 

Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 150 հազարը: Զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը: