Ադրբեջանի Սալյանի շրջանի Քյուրսանգի գյուղի 24-ամյա բնակիչ Ինթիգամ Սայար օղլու Նաջաֆովն ինքնասպանություն է գործել' կախվելով ծառից:

 

Ինչպես հաղորդում է virtualaz.org լրատվական կայքը, ինքնասպանության պատճառն այն է, որ երիտասարդ ուսուցիչը չի կարողացել հունիսի 18-20-ին Սաբիրաբադում, որտեղ նա աշխատում էր դպրոցներից մեկում, անհրաժեշտ անցողիկ միավորներ հավաքել ուսուցիչների համար կազմակերպված մրցույթում:

 

Ադրբեջանի իշխանությունները երկրում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չեն հրապարակում, սակայն, ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' 2014 թվականի ընթացքում այդ երկրում 142 մարդ ինքնասպանություն է գործել, որոնցից 11-ն անչափահասներ են եղել: 10 ինքնասպանության դեպք էլ գրանցվել է Ադրբեջանի զինված ուժերում: Ինքնահրկիզման են դիմել արդեն 11 քաղաքացիներ, որոնցից 4-ը' ղարաբաղյան պատերազմի հաշմանդամներ: Նրանք այդ քայլին են դիմել իրենց իրավունքները իշխանություններից կողմից խախտվելու, կաշառք պահանջի և այլ պատճառներով:

 

Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունն ավելի վաղ հաղորդել էր, որ Ադրբեջանում ինքնասպանությունների խնդրի հետ կապված Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի կողմից Բաքվում կազմակերպված լսումների մասնակիցները հայտնել են, որ Ադրբեջանում 2008 թ-ին' 138, 2009 թ-ին' 165, 2010 թ-ին' 289, 2011 թ-ին' 414, 2012 թ-ին' 482 ինքնասպանության դեպքեր են գրանցվել: 2013 թ-ին 920 ինքնասպանության դիմելու փորձ է կատարվել, որոնցից առնվազը 500-ն ավարտվել է մահվամբ

 

Ադրբեջանի «Կանանց ճգնաժամային կենտրոնի» հոգեբան Ազադ Իսազադեն ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտնել է, որ Ադրբեջանում ինքնասպանությունների աճը հասարակության մեջ աճող ագրեսիայի արդյունք է: Նրա կարծիքով' ինքնասպանությունը բողոքի ակցիա է: «Երբ մարդուն ոչ պետությունը, ոչ էլ հասարակությունը ուշադրություն չեն դարձնում, նա իր ձայնը լսելի է դարձնելու համար ինքնասպան է լինում»,- հայտարարել է ադրբեջանցի հոգեբանը: