Երեկ գիշերվանից Բաքվում սկսված ուժգին քամին հերթական անգամ պատառոտել է Ադրբեջանի Դրոշի հրապարակում տեղադրված այդ երկրի ամենամեծ դրոշը: Ինչպես հաղորդում է modern.az լրատվական կայքը, Ադրբեջանի պատառոտված պետական դրոշի լուսանկարները տեղադրվել են սոցիալական ցանցերում, իսկ այդ երկրի կառավարությանը կից Պետական դրոշի հրապարակի համալիրի վարչությունը վերած վել սուր քննադատությունների օբյեկտի:

 

Սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերը ադրբեջանական իշխանություններին մեղադրում են ազգային խորհրդանիշի վերածված Դրոշի հրապարակում Պետական դրոշը պարբերաբար պատառոտված վիճակում հայտնվելու մեջ այն բանի համար, որ վերջիններս ուժգին քամի լինելու մասին օթերեւույթաբանների հաղորդագրություններին նախապես տեղյակ լինելով հանդերձ, ժամանակին չեն իջեցնում դրոշը' հերթական անգամ Ադրբեջանի խայտառակ դրության մեջ հայտնվելուց խուսափելու համար:

 

Ավելի առաջ գնալով այդ մեղադրանքներում' haqqin.az լրատվական կայքը դավաճան է անվանել Դրոշի հրապարակի համալիրի վարչության ղեկավար Ռաշադ Մամեդովին եւ պահանջել պատասխանատվության ենթարկել նրան:

 

«2011 թվականի ապրիլի 2-ին նախագահի հրամանագրով այդ պաշտոնում նշանակված Ռաշադ Մամեդովի ղեկավարման շրջանում Ադրբեջանի պետական դրոշն այդ վիճակում հայտնվելու առաջին դեպքը չէ սա: Սա արդեն միտման բնույթ է սկսել կրել: Իսկ դա հանցագործություն է երկրի յուրաքանչյուր բնակչի աչքի առաջ: Որպեսզի նման բան այլեւս չկրկնվի, Պետական դրոշի հրապարակի համալիրի վարչության ղեկավարն ու բոլոր աշխատակիցները պետք է պատժվեն ամենալուրջ կերպով, մինչեւ զբաղեցրած պաշտոններից հեռացումը: Չէ՞ որ նրանք աշխատավարձ են ստանում մեր բյուջեից, մեր իսկ վճարած հարկերի շնորհիվ», -նշել է կայքը:

 

Ադրբեջանի պետական դրոշի հրապարակի համալիրի վարչությունը ստեղծվել է 2010 թվականի նոյեմբերի 24-ին: Դրոշի լայն ությունը 35 մ է, երկարությունը' 70 մ, քաշը 350 կգ է, հենասյան հենքի տրամագիծը 3,2 մ է, բարձրությունը' 162 մ է, քաշը' 220 տ: 2010 թվականի նոյեմբերին տեղադրվելուց հետո Ադրբեջանի ամենամեծ Պետական դրոշը մինչ այժմ արդեն տասնյակ անգամ պատառոտվել է: