Բաքվի սրտով չեն Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունները' կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: «Այնպիսի հարցեր, որոնք վերաբերում են սահմանից դիպուկահարների դուրս բերմանը, սահմանային միջադեպերի հետաքննման համար մեխանիզմների ստեղծմանը, այդ թվում' համանախագահների կողմից ներկայացվող առաջարկությունները, որոնք ձևավորվել են որպես միասնական փաթեթ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների նախագահների կողմից, չգիտես ինչու, Բաքվի սրտով չեն»,-նշեց ՀՀ ԱԳ նախարարը:

 

Պատասխանելով հայ լրագրողի հարցին, թե ինչ կոնկրետություն է ուզում ստանալ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը Ֆրանսիայի նախագահ Օլանդի' Ֆրանսիայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման հրավերի առնչությամբ, Նալբանդյանն ասաց. «Ֆրանսիայի նախագահը տարածաշրջան այցի ժամանակ ներկայացրեց իր բավականին կոնկրետ գաղափարը, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեն Ֆրանսիայում: Ամենայն հավանականությամբ, այդ կոնկրետությունն այնքան էլ Բաքվի սրտով չէ, դրա համար էլ նրանք այլ կոնկրետություն են սպասում»:

 

Էդվարդ Նալբանդյանի խոսքով' համանախագահների կողմից հնչած առաջարկություններին, որոնք ուղղված են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը, այլընտրանք կոնկրետություն ուղղակի չի կարող լինել:

 

Սերգեյ Լավրովն էլ նշեց, որ Ռուսաստանն աջակցում է յուրաքանչյուր ջանքի, որը գործադրվում է ԼՂ հակամարտության կարգավորման մեջ քայլ կատարելու համար: «Մենք ելնում ենք նրանից, որ մեր ֆրանիսիացի գործընկերները առաջ են տանում այն գաղափարները, որոնք պրակտիկորեն կարող են նպաստել Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների կողմից ընդունված սկզբունքների իրագործմանը: Ռուսաստանը ևս պատրաստ է ներդրում ունենալ այդ ջանքերում: Որքան կանոնավոր լինեն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումները, այնքան բանակցային գործընթացը դինամիկա կստանա: Մենք դրա կողմնակիցն ենք»,-ասաց Լավրովը:

 

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 22-23-ը պաշտոնական այցով Հայաստանում է: Սերգեյ Լավրովը Հայաստան է ժամանել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով: Կայացել են արտաքին գործերի նախարարների բանակցությունները, որոնց ժամանակ քննարկվել են 2013թ. դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահի' Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, հայ-ռուսական դաշնակցային փոխհարաբերությունների, ռազմավարական գործընկերության հետագա խորացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, Եվ րասիական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը, Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում, այդ թվում' Իրաքում, Սիրիայում, տեղի ունեցող դեպքերը, դրանց կարգավորման հարցում երկու երկրների դերակատարությունը:

 

Երևանում Սերգեյ Լավրովին ընդունել է Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: