Ադրբեջանական բանակում այսօր մահվան ելքով երկու միջադեպ է գրանցվել: Ինչպես հաղորդում է APA լրատվական գործակալությունը, Նախիջեւանի Շահբուզի շրջանում տեղակայված զորամասերից մեկի Hyundai մակնիշի սանիտարական ավտոմեքենան բախվել է մարդատար ավտոմոբիլի հետ եւ շրջվել:

 

Վթարի արդյունքում ծանր մարմնական վնասվածքներ է ստացել զորամասի բժշկական ծառայության պետ Վուգար Օրուջեւը, որը հետո մահացել է հոսպիտալում: Ավտոմեքենայի վարորդ, պայմանագրային զինծառայող Ռաշադ Ռուֆաթովը թեթեւ վիրավորում է ստացել: Վնասվածք է ստացել նաեւ մարդատար ավտոմեքենայի ուղեւորներից մեկը: Նախնական վարկածով, ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Hyundai-ի վարորդի մեղքով, որը խախտել է վազանցի կանոնները:

 

APA-ն հայտնում է, որ Շիրվան քաղաքում հունիսի 16-ին ՃՏՊ-ի արդյունքում ծանր վնասվածքներ ստացած ներքին զորքերի լեյտենանտ Արիֆ Օրուջ օղլու Յուսիֆովը մահացել է հիվանդանոցում:

 

Արիֆ Յուսուֆովը Mersedes ավտոմեքենայով բախվել է ծառին: Վթարի արդյունքում տուժածները' լեյտենանտ Օրհան Գուրբանովը, կրտսեր սերժանտ Ազամաթ Մամեդովը, ինչպես նաեւ վարորդը վնասվածքներով տարվել էին Շիրվանի քաղաքային հիվանդանոց:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, 2014 թվականի սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 47 զինծառայող, որոնցից 33-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում, 74 զինծառայողներ էլ վիրավորվել կամ տարբեր վնասվածքներ են ստացել: