Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 24-ին Վիեննա կատարելիք պաշտոնական այցից առաջ Դաշնային խորհրդի կառույցի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի անունով նամակ է ուղղել, ըստ որի առաջարկել է չեղյալ համարել «Ուկրաինայի տարածքում ՌԴ Զինված ուժերի օգտագործման մասին» որոշումը: Այս մասին հայտնել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

 

Նա նշել է, որ Ուկրաինայի արևելյան տարածաշրջանների իրադրության կարգավորման հարցի շուրջ եռակողմ բանակցությունների սկսվելու կապակցությամբ նախագահը սենատորներին առաջարկել է չեղյալ հայտարարել Ռուսաստանի զինուժերի օգտագործման վերաբերյալ իրենց որոշումը:

 

«Այս քայլն արվել է Ուկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորման նպատակով, ինչպես նաև այդ հարցի շուրջ եռակողմ բանակցություններ սկսելու համար»,- հայտնել է Պեսկովը:

 

Դաշնության խորհրդի այդ որոշումը պետության ղեկավարին համաձայնություն էր տալիս «Ռուսաստանի Դաշնության զինված ուժերն օգտագործել Ուկրաինայի տարածքում մինչև այդ երկրում հասարակական-քաղաքական իրադրության նորմալացումը»:

 

Այս հարցը Դաշնային խորհուրդը պատրաստվում է դիտարկել հունիսի 25-ին: