Հունիսի 27-ի երեկոյան Թբիլիսիի Եվրոպայի հրապարակում մեծ համերգ կանցկացվի Եվրամիության հետ Վրաստանի ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման կապակցությամբ: Այդ մասին հայտարարել Է հանրապետության կառավարության վարչակազմի ղեկավար Նինո Կոբախիձեն:

 

Համերգը, որին կմասնակցեն արտասահմանում աշխատող վրացի աստղերը, ինչպես նաեւ վրաստանցի Էստրադային կատարողները, կսկսվի ժամը 20:30-ին:

 

Տոնական միջոցառմանը կմիանան վրացական պատվիրակության անդամները, որոնք մինչեւ համերգի սկսվելը Բրյուսելից վերադառնան Վրաստան: Հավաքվածների առջեւ ելույթ կունենան երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին եւ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

 

«Մենք ցանկանում ենք ամբողջ Վրաստանի հետ կիսել այն ուրախությունը, որը կապված Է Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման հետ»,-հայտարարել Է Կոբախիձեն:

 

Նրա խոսքով՝ տոնական միջոցառումները կշարունակվեն նաեւ հունիսի 28-ին. Բաթումում Ղարիբաշվիլին կկազմակերպի ընդունելություն, որին հրավիրված են Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները:

 

ԵՄ-ի հետ ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման համար Բրյուսել կմեկնի 1+4 ձեւաչափով պատվիրակությունը, այդ թվում՝ Վրաստանի վարչապետը, որը գլխավորելու Է պատվիրակությունը, ինչպես նաեւ արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն, եվրոպական ու եվրատլանտյան կառույցներին ինտեգրացման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին, Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին եւ արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին: Վրաստանի նախագահը Բրյուսել չի մեկնի, փաստաթուղթը կստորագրի վարչապետը:

 

ԵՄ-ի հետ Վրաստանի ասոցացման մասին համաձայնագիրը նախաստորագրվել Է «Արեւելյան գործընկերության» երկրների՝ անցյալ տարվա նոյեմբերի վերջին Վիլնյուսում կայացած գագաթնաժողովում: Միաժամանակ համանման համաձայնագիր Է նախաստորագրվել Մոլդովայի հետ: Փաստաթղթերի վերջնական ստորագրումը պլանավորվում Էր օգոստոս-սեպտեմբերին, սակայն այնուհետեւ տեղափոխվել Է ավելի վաղ ժամկետ՝ հունիսի 27-ին, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն: