Հայաստանի կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի խումբ անդամների՝ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին: Դրանով առաջարկվում է մինչև 100 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողներին ազատել նոր սերնդի ՀԴՄ-ներ ձեռք բերելու սահմանված պարտավորությունից: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանը նշեց, որ ներկայացված նախագիծը կառավարությունը նպատակահարմար չի համարում նախ՝ այն պատճառով, որ նախորդ տարվա արդյունքներով՝ մինչև 100 մլն դրամ շրջանառություն ունեցող հարկ վճարողների մի մասը 2013 թվականի դեկտեմբերի 1-ից արդեն ներդրել են նոր սերնդի ՀԴՄ-ներ:

 

«Երկրորդ, ՀՀ վարչապետի գլխավորությամբ այժմ միջոցներ են որոնվում, որպեսզի ՓՄՁ-ներին աջակցելու նպատակով նոր սերնդի ՀԴՄ-ները մենք կամ փոխհատուցմամբ, կամ անվճար, կամ էլ այնպիսի հարմար պայմաններով տրամադրենք, որ իսկապես նրանց համար ծանր բեռ չլինի: Առաջիկայում կառավարությունն այդ հարցին կանդրադառնա: Պետք է սահմնաված ժամկետներում աջակցենք ՓՄՁ-ներին՝ այդ ՀԴՄ-ների հարցում»,- ընդգծեց Արմեն Ալավերդյանը:

 

Բացի այդ, Ալավերդյանի խոսքով, բոլոր հարկ վճարողների կողմից նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառումը կարևորվում է նրանով, որ նոր սերնդի ՀԴՄ-ները բազմաֆունկցիոնալ են, հնարավորություն են տալիս դուրս գրել հաշվարկային փաստաթղթեր, այդ թվում՝ հարկային հաշիվներ, ստորագրել դրանք էլեկտրոնային ստորագրությամբ, կատարել վճարումներ բանկային պլաստիկ քարտերով:

 

Նոր ՀԴՄ-ներն առնվազն՝ յուրաքանչյուր 4 ժամը մեկ անգամ հնարավորություն ունեն կապ հաստատել հարկային մարմնի տեղեկատվական համակարգի հետ' տվյալների փոխանակման նպատակով: