Ադրբեջանցի հաքերները հարձակում են գործել հայկական շուրջ մեկ տասնյակ կայքերի վրա, որոնց թվում են եղել հիմնականում մարզպետարանների պաշտոնական կայքերը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը, մարզպետարաններ ի կայքերից բացի, հարձակման են ենթարկվել ևս մի քանի կայքեր, սակայն վերջնական թվեր դեռևս հնարավոր չէ հրապարակել: «Մարզպետարանների կայքերը 1,5 ամիս առաջ կրկին հարձակման էին ենթարկվել ադրբեջանցի հաքերների կողմից: Շատ տխուր է, որ նախորդ հարձակման հետևանքները հաշվի չեն առնվել: Ենթադրում եմ, որ հաքերները նույն խոցելիությունից են օգտվել»,-ասաց նա:

 

Հաքերներն իրենց կոտրած կայքերի վրա թողած գրություններով ու նկարներով տեղեկացրել են, որ իրենց գործողությունն արվել է Ադրբեջանի զինված ուժերի օրվա առիթով: Մարտիրոսյանը նկատեց, որ Հայաստանում շատերը նույնիսկ չգիտեին, որ այսօր ադրբեջանական բանակի օրն է: