ԱՄՆ-ում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանին գրավոր ուղերձ է հասցեագրել ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերին: Ուղերձում մասնավորապես նշվում է.

 

«Ամերիկյան ժողովրդի եւ Օբամայի վարչակազմի անունից իմ լավագույն բարեմաղթանքներն եմ հղում Ձեզ՝ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի Ձեր առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Ես շնորհակալություն եմ հայտնում Ձեր ծառայության համար եւ խորապես երախտապարտ եմ Ձեզ մեր երկու երկրների միջեւ կարեւոր գործընկերության ամրապնդմանն աջակցության համար»:

 

Ի պատիվ դեսպան Մարգարյանի՝ ԱՄՆ Պետարարողակարգի ղեկավար Պիտեր Սելֆրիջի կողմից ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ընդունելությունների դահլիճում կազմակերպվել էր հրաժեշտի ընդունելություն, որին ներկա էին Պետքարտուղարության եւ ԱՄՆ անվտանգության խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաներ, Վաշինգտոնում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական, հասարակական-քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ:

 

Իրենց ելույթներում ԱՄՆ Պետարարողակարգի ղեկավար Պիտեր Սելֆրիջը եւ պետքարտուղարության ներկայացուցիչները բարձր են գնահատել դեսպան Մարգարյանի երկարամյա ներդրումը հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման գործում:

 

Թաթուլ Մարգարյանը ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Ամերիկյան պետությունների կազմակերպությունում ՀՀ ներկայացուցիչ է 2005 թվականից: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի' հունիսի 26-ի հրամանագրով Թաթուլ Մարգարյանին կփոխարինի ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: