Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը ողջունում են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից հունիսի 26-ին ընդունած H. R. 4347 բանաձևը, որով պահանջում է ԱՄՆ Պետքարտուղարությանը ամենամյա հաշվետվություն ներկայացնել' Թուրքիայում բռնազավթված քրիստոնեական սրբավայրերի և կալվածքների պահպանության, վերականգնման և իրավատերերին վերադարձման ուղղությամբ ԱՄՆ կողմից գործադրվող ջանքերի վերաբերյալ: Այս մասին նշված է Մայր Աթոռի տեղեկատավական համակարգի տարածած հայտարարության մեջ:

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը բարձր է գնահատում հանձնաժողովի անդամների ջանքերը' հանուն արդարության վերականգնման և խաղաղության ու համերաշխության հաստատման: Որդեգրված բանաձևը կարևոր քայլ է ի պաշտպանություն Թուրքիայում քրիստոնեական փոքրամասնությունների և նրանց իրավունքների: