Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելը ցուցմունք կտա 1997 թվականին երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման գործով: Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին որոշում է ընդունել Անկարայի' ծանր հանցագործությունները քննող 5-րդ դատարանը:

 

Դեմիրելից բացի, «Փետրվարի 28» անվանումը ստացած դատական գործով ցուցմունքներ կտա ևս 103 մարդ, ովքեր այդ տարիներին պետական տարբեր պաշտոններ են զբաղեցրել:

 

2013 թվականի սեպտեմբերին Էրզրումի քրեական դատարանը Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելի դեմ մեղադրանք էր ներկայացրել 1997 թվականի փետրվարի 28-ի ռազմական հեղաշրջմանը մասնակցելու հիմնավորմամբ:

 

1997 թվականի ռազմական հեղաշրջումը Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ չորրորդն է 1960, 1971, 1980 թ. հեղաշրջումներց հետո: Այն հայտնի է «հետմոդեռնիստական հեղաշրջում», ինչպես նաև «թավշյա հեղաշրջում» անուններով, քանի որ ի տարբերություն նախորդ անգամների զինվորականությունը բռնի ուժ չկիրառեց: