Արարատյան Հայրապետական թեմի կողմից իրականացվող «Մենք մեր զինվորի կողքին ենք» խորագիրը կրող բարեգործական ծրագրով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ միասին այցելել է Երևանի Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաններում բնակվող միաժամանակ երկու կամ երեք զինծառայող ունեցող, ի նչպես նաև մարտական հերթապահություն իրականացնելիս հաշմանդամ դարձած կամ զոհված զինվորների ընտանիքներին:

 

Ողջունելով Արարատյան Հայրապետական թեմի այս նախաձեռնությունը՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանն էլ իր լիազորությունների շրջանակում է միշտ պատրաստ օգնելու և աջակցելու այդ ընտանիքներին: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն էլ իր հերթին վստահեցրել է, որ Հայ Եկեղեցին միշտ հայ զինվորի աջակիցն է ու այս բնույթի բարեգործական ծրագր երը լինելու են շարունակական: Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորների կողմից, այցելած բոլոր բնակարաններում, կատարվել է տնօրհնեքի կարգ:

 

Այցի ընթաքում Երևանի քաղաքապետի կողմից վերոնշյալ ընտանիքներին նվիրաբերվել է անհրաժեշտ կենցաղային տեխնիկա և գույք, իսկ Արարատյան Հայրապետական թեմի կողմից՝ հատկացվել դրամական օգնություն:

 

Կարևորելով սոցիալական նշանակության այս ծրագրի իրականացումը՝ աջակցություն ստացած ընտանիքների անդամներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել ցուցաբերվող վերաբերմունքի ու հատուկ ուշադրության համար: