ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 26-28-ը Բաթում քաղաքում մասնակցել է Վրաստանի Պաշտպանության և անվտանգության համաժողովին: Համաժողովին մասնակցել են Վրաստանի նախագահը, վարչապետը, խորհրդարանի խոսնակը, պաշտպանության նախարարը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրների պաշտպանության նախարարներ, Եվրամիության, միջազգային տարբեր կազմակերպությունների ու գործընկեր երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ, Վրաստանում հավատարմագրված դեսպաններ ու դիվանագետներ: ՀՀ ՊՆ պատվիրակությանն ուղեկցել է Վրաստանում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Վ. Աֆյանը:

 

 

Ինչպես տեղեկացնում եմ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համաժողովի ընթացքում քննարկվել է միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես' քննարկվել են ՆԱՏՕ-ն Վրաստանի անդամակցությանը, հունիսի 27-ին ստորագրված Եվրաասոցացման համաձայնագրին, Ուկրաինայում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր: Կարևորվել են Եվրաատլանտյան անվտանգության համար ռազմավարական նշանակություն ունեցող Սևծովյան տարածաշրջանի, Եվրամիության սահմանների անվտանգության և կայունության ապահովման հարցերը:

 

 

Համաժողովի շրջանակում ՀՀ պատվիրակության անդամ, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Է. Ապրիամովը հանդիպում է ունեցել Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Վ. Քափանաձեի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Վրաստանի զինված ուժերի համագործակցությանը վերաբերող հարցեր:

 

 

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ. Տոնոյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Մ, Դարչաշվիլիի, ԱՄՆ Եվրոպական հրամանատարության պլանավորման, քաղաքականության և անվտանգության դեպարտամենտի փոխտնօրեն, փոխծովակալ Պ. Պիրսի, Մեծ Բրիտանիայի միջազգային անվտանգության ռազմավարության նախարար Ա. Մորիսոնի, Ֆրանսիայի ՊՆ պաշտպանական քաղաքականության դեպարտամենտի փոխտնօրեն Պ. Ադամի հետ: Հանդիպումների հիմնական նպատակն է եղել քննարկել համագործակցության առկա հարցերը, ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող խաղաղապահ առաքելություններին հայ խաղաղապահների ներգրավման խնդիրները, ինչպես նաև նախանշել այն հեռանկարները, որոնք կարող են ի հայտ գալ անվտանգային փոփոխվող ու վերաձևվող միջավայրի պայմաններում: Բոլոր հանդիպումների ընթացքում պատրաստակամություն է հայտնվել շարունակել փոխգործակցությունը' հանուն միջազգային ու տարածաշրջանային անվտանգության ամրապնդման: