mediamall.am-ն առանձնացրել է օրվա կարևոր նորությունները

 

Հակառակորդը տարեցտարի ավելի ինտենսիվ է դարձնում խախտումները և մեծացնում է լարումները:

 

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ արձակած կրակահերթերին:

 

«Կրակահերթներ եղել են երեկոյան' մինչև 12-ի կողմերը, դրանից հետո համեմատաբար հանգիստ է եղել: Կրակոցներից տուժածներ, զոհեր չկան: Երեկվա կրակոցների մեջ ոչ մի արտառոց բան չկար, որ մինչև հիմա չէր եղել: Բարեբախտաբար, տուժածներ չկան»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը:

 

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական կողմից կրակոցները սկսվել են հունիսի 28-ին' ժամը 17:00-ից: Կրակահերթի տակ են եղել Բարեկամավան, Այգեպար, Մովսես գյուղերը: Այգեպարում վնասվել է գազատար խողովակը:

 

Հունիսի 25-ին ադրբեջանական զինուժը կրակոցներ էր արձակել Հայաստանի սահմանամերձ Մովսես գյուղի ուղղությամբ: Հակառակորդի զինուժը թիրախավորել է գյուղը, գնդակները հասել են գյուղապետարանի շենքին, եկեղեցուն, դպրոցին: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկային: Ադրբեջանական ուժերը վերջին շրջանում հաճախակի են դարձրել հայկական բնակավայրերի ուղղությամբ կրակահերթերն ու նպատակային հարվածները: Նրանք հրադադարի խախտում են թույլ տվել ընդհուպ նույնիսկ Նախիջևանի սահմանին, որի հետևանքով հունիսի 5-ին ՀՀ ԶՈւ պայմանագրային երկու զինծառայողներ էին զոհվել' 1988թ. ծնված Անդրանիկ Սամվելի Եղոյանը և 1992թ. ծնված Բորիս Բենիկի Գասպարյանը:

 

Հունիսի 24-ին Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արմեն Արթուրի Ավետիսյանը:

 

***

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն' հունիսի 22-28-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 900 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 8000 կրակոց:

 

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

 

***

 

Այսօր' «Ժառանգություն» կուսակցության համագումարի ժամանակ, հաշվետվությամբ հանդես եկավ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

 

Վերջինս իր հաշվետվության մեջ ներկայացրեց ինչպես մինչև նախագահական ընտրությունները, այնպես էլ այդ ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձությունները և «Ժառանգության» քայլերը:

 

Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ դեռևս չի եղել մի դեպք, որ չպաշտպանի ժողովրդի և ընդդիմադիր դաշտի ներկայացուցչի շահը:

 

«Հաճախ դա եղել է մեր «ես»-ի հաշվին, որը բերել է նաև կորուստների»,- ասաց Մարտիրոսյանը:

 

Նախագահական ընտրությունների ընթացքում, Արմեն Մարտիրոսյանի խոսքով, հանձնաժողովականները չկարողացան դիմանալ ահաբեկումներին, և անգամ այլ կուսակցությունների ներկայացուցիչների ներկայության պարագայում իշխանությանը քվեարկության օրը հաջողվեց օգտագործել ողջ զինանոցը: «Սակայն որոշ մարզկենտրոններում հաղթանակը պահպանվեց»,- ասաց Մարտիրոսյանը:

 

Արմեն Մարտիրոսյանը նշեց նաև, որ իրենք դրական են համարում խորհրդարանում չորս ուժերի համագործակցությանը. «Բայց հույս ունենք, որ դա դուրս կգա խորհրդարանի դռներից դուրս»,- նշեց նա:

 

***

 

Դա համագործակցություն է, բայց շատ փոքրիկ, որն այս պահին արդյունավետ չէ: Արտագաղթը չի դադարում, մեր անկախությունը վտանգող բոլոր մարտահրավերներն այսօր գործի մեջ են դրված, և մենք դրա առջև պետք է դիմակայենք և պարտադրենք մերը: Այս պահի դրությամբ այդ փոքրիկ համագործակցությունը դա չի պարունակում: Այս մասին այսօր' «Ժառանգություն» կուսակցության համագումարի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց Զարուհի Փոստանջյանն' անդրադառնալով քառյակի ներկայացրած 12 կետանոց պահանջագրին:

 

Զարուհի Փոստանջյանի կարծիքով' այդ փոքրիկ համագործակցությունը չի պարունակում իր մեջ այսօրվա ազգային շահը պարունակող քաղաքական օրակարգը: «Այդ օրակարգը պետք է տեղի ունենա, դրվի մեր բոլորիս առջև և սպասարկի անմիջականորեն, և ոչ թե սպասել, ինչ-որ ժամկետների: Այո, քաղաքական կուսակցությունները շատ կարևոր են և կարևոր գործընթացների մեջ են գտնվում: Այս պահին նրանք ինքներն էլ պետք է իրենց շտկեն և հասկանան, որ օր առաջ պետք է զբաղվեն հենց այդ խնդրով, այլ ոչ թե ժամկետներ տրամադրեն կամ որոշակի փոքր սահմանափակ 12 կետերի շուրջ գործունեություն ծավալեն»,- ասաց Փոստանջյանը:

 

***

 

«Ժառանգություն» կուսակցության 10-րդ համագումարին ներկա է նաև Զարուհի Փոստանջյանը:

 

Նշենք, որ նա վերջերս է վերադարձել ԱՄՆ-ից: Տևական ժամանակ էր' Փոստանջյանը Հայաստանում չէր և ԱՄՆ-ում մասնակցում էր դասընթացների:

 

Համագումարի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացնելով Զարուհի Փոստանջյանին' ասաց. «Հայաստանի Հանրապետությունը դուրս է գալիս արձակուրդից, քանի որ վերադարձել է Զարուհի Փոստանջյանը»: