Հայաստանի Հանրապետության կառավարությունը ակտիվ միջոցներ է ձեռնարկում խոշտանգումների կանխարգելմանն ուղղված խնդիրները լուծելու համար: Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառման ընթացքում հայտարարեց ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը: «Ես ցանկանում եմ արձանագրել, որ մենք այս ոլորտում ունենք խնդիրներ, սակայն ն երկա փուլում կառավարությունն ակտիվ քայլեր է ձեռնարկում այդ խնդիրներին լուծում տալու համար»,-ասաց Թաթոյանը:

 

Նա ընդգծեց, որ կառավարությունը սկսել է հենց ինստիտուցիոնալ լուծումներից: «Մասնավորապես, վերջերս արդարադատության նախարարության կազմում ստեղծվել է հատուկ ստորաբաժանում, որի գլխավոր խնդիրներից է լինելու խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի, ՄԱԿ-ի համապատասխան կոմիտեի չափանիշների ներդրումը Հայաստանի իրավական համակարգում»,- ասաց նա:

 

Թաթոյանն ընդգծեց, որ դրա գլխավոր թիրախն է նաև Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիրը: «Մենք կարծում ենք, որ այս խնդրի լուծման հարցում կարևոր նշանակություն կունենա քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունումը, հատկապես ազատությունից զրկված անձանց և քրեական հետապնդման ենթարկված անձանց իրավունքների ապահովման տեսանկյունից»,- նշեց նա:

 

Փոխնախարարն ընդգծեց, որ առաջիկայում նախատեսվող կարևորագույն միջոցառումներից քննության ընթացքում խոշտանգման կամ ցանկացած վատ վերաբերմունքի վերաբերյալ քննության անցկացումն է՝ անկախ խոշտանգման ենթարկված անձի ցանկությունից: «Շատ կարևոր է նաև քրեակատարողական հիմնարկների աշխատանքի թափանցիկությունն այս առումով, որը միջոցառումների ծրագրում ամրագրված է և այս առումով կարևորում ենք անձի իրավունքների ապահովումը փակ հաստատություններում»,- նշեց նա:

 

ՄԱԿ-ի նիստերի դահլիճում հունիսի 30-ին տրվեց Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի մեկնարկը: Միջոցառմանը մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ելույթներ ունեցան Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի ժամանակավոր հավատարմարար Դիրկ Լորենցը, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Օլեկսանդր Պավլյուկը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Ուիլյամ Հանլոն: