Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններից հետո Հայաստանի հետ հարաբերությունների փոփոխություն չի կանխատեսում: Այս մասին հայտնեց նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Թուրքիայի քաղաքական հա մակարգը, մտածողությունը հակահայկական է և, անկախ նրանից, թե ով կլինի Թուրքիայի նախագահը' այդ երկրի դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության ու հայության նկատմամբ էական փոփոխությունների չի ենթարկվի: Թուրքիայի պատմության ընթացքում եղել են նաև տոլեռանտ նախագահներ, բայց հայերի նկտամամբ վերաբերմունքը չի փոխվել: Մինչ չփոխվեն այդ պետության գաղափարական մոտեցումները, չի փոխվի Հայաստանի ու հայության նկատմամբ վերաբերմունքը»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը' անդրադառնալով հարցին, թե ինչ կփոխվի Հայաստանի հետ կապերի առումով, եթե նախագահ դառնա Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

 

Նրա խոսքով' Թուրքիան իր պատմության բավականին հետաքրքիր ու բեկումնային փուլն է ապրում: Առաջին անգամ այդ երկրում նախագահ է ընտրելու ժողովուրդը ուղղակի քվերակությամբ, առաջին անգամ այդ նախագահը իրավական առումով լինելու է բավական լայն լիազորություններով օժտված ու առաջին անգամ այդ պաշտոնին հավակնում է խարիզմատիկ լիդեր, ով ունի քաղաքական մեծ կապիտալ, ձեռք է բերել օրենքով հաստատված մեծ լիազորություններ ու մեծ հնարավորություն ունի դառնալու Թուրքիայի պատմության մեջ երկրորդ խարիզմատիկ լիդերը Աթաթուրքից հետո:

 

«Կա հստակ առաջատար թեկնածու' ի դեմ Էրդողանի ու կա ընդդիմության միասնական թեկնածուն' Իսանօղլուն, որը քաղաքական առումով զիջում է Էրդողանին, բայց ընդդիմության շեշտը դրված է այս թեկնածուի վրա, ով ունի բավական մեծ կրթական սենզ, ինչը պակասում է Էրդողանին: Նա կրոնի հետ կապված բանավեճերում Էրդողանին կարող է բավական ծանր դրության առջև կանգնեցնել»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը' հավելելով, որ ընդդիմության նպատակը ոչ թե նախագահական ընտրություններում հաղթանակ տանելն է, այլ նախագահական ընտրությունների շուրջ ակտիվություն ձևավորելը, իրենց քաղաքակ ան կապիտալը մեծացնելն ու Էրդողանին մի քանի առումներով խոցելը:

 

Թուրքիայի Հանրապետության նախագահի ընտրությունները տեղի են ունենալու 2014թ. օգոստոսի 10-ին: Գործող նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ չի առաջադրվելու որպես թեկնածու: Մինչ այժմ այդ պաշտոնում ընտրվելու համար թեկնածությունն առաջադրելու ցանկություն են հայտնել Իսլամական կոնֆերանս կազմակերպության նախկին ղեկավար Էքմելեդդին Իհսանօղլուն, քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» համանախագահ Սալահեթդին Դեմիրթաշը, իզմիրցի 58-ամյա ճարտարագետ Բուրհան Էրոլը, փիլիսոփայության ուսուցչուհի Ուլվիե Քաֆալը Օլգունը, պրոֆեսոր Բո ւշրա Էրսանլըն: