Ադրբեջանի Հանրապետական սեյսմոլոգիական կենտրոնի գլխավոր տնօրեն Գուրբան Եթիրմիշլին հայտարարել է, որ պատմությունը հիշում է Նախիջեւանում 9 բալ ուժգնությամբ երկրաշարժերը, եւ դրանք կարող են կրկնվել նաեւ այժմ: Այս մասին ադրբեջանցի գիտնականը հայտնել է SalamNews լրատվական գործակալության հետ զրույցում:

 

Նա ասել է, որ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության տարածքում 9 բալ ուժգնությամբ երկրաշարժերի օջախներ կան: Նրա խոսքով' Շամախին եւ Իսմայիլլին եւս սեյսմոլոգիապես ակտիվ շրջաններ են, եւ այստեղ մշտապես ռիսկ գոյություն ունի:

 

Անդրադառնալով երեկ գիշեր Զաքաթալայում տեղի ունեցած 6 բալ ուժգնությամբ երկրաշարժին, Եթիրմիշլին նշել է, որ հետցնցումները հնարավոր են, սակայն, դրանց ուժգնությունը նույնը չի կարող լինել:

 

Զաքաթալայում ստորգետնյա ցնցումները խուճապ են առաջացրել նաեւ հարակից շրջաններում: Այն զգացվել է նաեւ Հայաստանի' Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում: Եթիրմիշլին ավելի վաղ Ադրբեջանում, հատկապես, Կապից ծովի Ապշերոնի թերկղզուն հարող ափամերձ շրջաններում ուժգին երկրաշարժեր է կանխագուշակել: Նրա խոսքով' այդ հավանական երկրաշարժերի արդյունքում կարող է տուժել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի բնակչության մեծ մասը: