ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին և ՀԲԸՄ-ի կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յագուբյանին։

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարը բարձր է գնահատել ՀԲԸՄ-ի առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր, կրթական և մշակութային զարգացմանը նպաստելու գործում և պատրաստակամություն հայտնել աջակցելու հայապահպանության և մայր հայրենիքի հզորացման ուղղությամբ և´ Հայաստանում, և´ սփյուռքում իրականացվող բոլոր նախաձեռնություններին ու ծրագրերին։

 

ՀԲԸՄ-ի նախագահ Պերճ Սեդրակյանն ընդգծել է, որ միության աջակցությամբ իրականացվող ծրագրերը պետք է ուղղված լինեն հայրենիքի հետ կապերի ամրապնդմանը և սփյուռքի հիմնախնդիրների լուծմանը:

 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀԲԸՄ-ի օժանդակությամբ տարբեր ոլորտներում իրագործվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև անդրադարձել հետագա անելիքներին: Հովիկ Աբրահամյանը և Պերճ Սեդրակյանը մտքեր են փոխանակել նաև ազգային նպատակների շուրջ սփյուռքահայության համախմբման, հայապահպանության, կրթական և մի շարք այլ հարցերի վերաբերյալ: