Քեսաբի բնակիչների մեծ մասն արդեն բնակվում են իրենց տներում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Քեսաբի հայ Կաթողիկե եկեղեցու վարդապետ Նարեկ Լուիսյանը՝ ավելացնելով, որ էլեկտրականությունը և ջուրն ընդհատումներով լինում են Քեսաբում: Կանայք շարունակում են մաքրություններ կատարել և որքան հնարավոր է բնակարաններ ը կարգի բերել:

 

Վարդապետը նշեց, որ Քեսաբի որոշ ընտանիքներ, ամբողջովին կորցնելով իրենց տները, ունեցվածքը, կարողությունները, հեռացել են այնտեղից և մեկնել Լիբանան: Նրա խոսքով՝ մի քանի քեսաբահայեր, ովքեր գործիքներ ունեն, հերկում են արտերը, որոշները հավաքում են բերքը և տանում Լաթաքիա վաճառելու՝ այդպիսով վաստակելով փոքր գումարներ: Ինչ վերաբերում է Քեսաբի ուղղությամբ նետվող ռումբերին, վարդապետը նշեց, որ ռումբերն այժմ ավելի հազվադեպ են նկատվում:

 

Հունիսի 15-ին Քեսաբի ազատագրումից հետո բնօրրան վերադարձած քեսաբահայերը ծանր վիճակում են հայտնվել: Քեսաբցիների բոլոր բնակարաններն անխտիր կողոպտվել են: Բնակարաններից որոշները զրկվել են բոլոր տեսակի տեխնիկայից՝ սառնարանից, լվացքի մեքենայից, խոհանոցային անհրաժեշտ պարագաներից, որոշները հրկիզվել են, մյուսների վրա ռումբ է ընկել և այնտեղ հնարավոր չէ ապրել:

 

Քեսաբի շրջանի վրա հարձակումն սկսվել էր մարտի 21-ին Թուրքիայի սահմանի մի քանի կետերից: Հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ»խմբավորումները Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ: