Եվրասիական հանձնաժողովը կողմերին է ուղարկել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու վերաբերյալ նախապատրաստված պայմանագիրը ներպետական համաձայնեցման համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասաց, որ այժմ պետք է տեղի ունենա պայմանագրի ներպետական համաձայնեցում, ինչին կհաջորդի արդեն համաձայնագրի ստորագրումը:

 

«Ոչ ոք չի ասել, որ հուլիսի 1-ին Հայաստանը կստորագրի Եվրասիական տնտեսական միությանը միանալու համաձայնագիրը: Որոշումը, որ կայացրել է Բարձրագույն մարմինը' Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, այն է' մինչեւ հուլիսի 1-ը նախապատրաստվել ստորագրման համար: Երեկ, Եվրասիական հանձնաժողովը կողմերին է ուղարկել արդեն նախապատրաստած պայմանագիրը ներպետական համաձայնեցման համար: Այդ տեսակետից, տեղի է ունենում այն, ինչ նախատեսված էր»,- ասաց Շավարշ Քոչարյանը:

 

Փոխնախարարն ասաց, որ ստորագրման օրվա մասին չի եղել հստակ որոշում: «Եղել է որոշում նախապատրաստման վերաբերյալ, եւ երեկ այն ուղարկվել է ներպետական համաձայնեցման: Քանի որ հարցերը հիմնականում խորությամբ քննարկվել են' հույս ունենք, որ ներպետական համաձայնեցումը շատ երկար չի տեւի: Երբ դա ավարտվեց, կարելի է խոսել ժամկետների մասին»,- ասաց Շավարշ Քոչարյանը:

 

Անդրադառնալով շրջանառվող տեսակետերին, որ ԵՏՄ անդամ երկու պետությունները' Բելառուսը եւ Ղազախստանը դեմ են Հայաստանի անդամակցությանը, ՀՀ ԱԳ փոխնախարարն ասաց. «Եթե այդպես լիներ, ապա երեկ համաձայնագիրը չէր ուղարկվի, որովհետեւ եթե որեւէ մեկը դեմ է, ապա ինքը կարող է որեւէ հարցի շուրջ ստեղծել անհաղթահարելի խոչընդոտ: Իսկ հարցերը հարյուրավոր են: Այնպես որ, նման բան չկա»,- ասաց Շավարշ Քոչարյանը:

 

Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը մայիսի 29-ին Աստանայում ստորագրեցին Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը, այն ուժի մեջ կմտնի 2015թ․ հունվարի 1-ից: Հայաստանը, որ հայտ է ներկայացրել է Մաքսային միության անդամ դառնալու, ստեղծել է ճանապարհային քարտեզ եւ համաձայնեցրել բոլոր հարցերը: ԵՏՄ-ն կլինի վերպետական տնտեսական տարածք, որի անդամ երկրները միմյանց հետ կիրականացնեն առեւտուր սահմանված հատուկ մաքսատուրքերով: