Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը համաձայն չէ «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» կազմակերպության ներկայացրած «Հայաստանի պաշտպանական հաստատություններում կոռուպցիոն ռիսկերի գնահատումը» զեկույցի հետ, համաձայն որի՝ Հայաստանը հայտնվել է «D-» խմբում, ինչը նշանակում է, որ կոռուպցիոն ռիսկերը բարձր են: «Ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ Հայաստանի զինված ուժերի ղեկավարությունը և անձամբ ես այս վերջին տարիների ընթացքում բավական լուրջ աշխատանք ենք տանում կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարի առումով:

 

Երևի թե ուրիշ այլ կառույցներում այդքան ակնհայտ չեն երևում այդ արդյունքները, որքան մեզ մոտ են բացահայտումներ իրականացվում: Իմ ղեկավարության ժամանակ լուրջ աշխատանքի արդյունքում հասել ենք նրան, որ պատրաստել ենք բարեվարքության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիր: Մեր սպաները, մեր ղեկավարները ազնվության թեստեր են հանձնում, որի շնորհիվ մենք եկել ենք այնպիսի իրավիճակի, որ կոռուպցիոն ռիսկերը, ընդհակառակը, բանակում ամենաքիչն են:

 

Մեր գնումների գործընթացի ստուգման ժամանակ Վերահսկիչ պալատը գնահատեց, որ մեզ մոտ գնումների 87 տոկոսը զերծ է կոռուպցիոն ռիսկերից, մնացած 13 տոկոսը դեռ վիճելի է, որովհետև մենք ապացուցում ենք, որ դրանք ընթացել են մրցույթների անցկացման համապատասխան ընթացակարգերի շրջանակներում: Ես գտնում եմ, որ կազմակերպության զեկույցի տվյալները ճիշտ չեն»,- ասաց Սեյրան Օհանյանը: