«Հինգ գումարած մեկ» խմբի հետ երկխոսության ընթացքում, որը նվիրված է Թեհրանի միջուկային դոսյեի քննարկմանը, Իրանի դիրքորոշման մեջ էական բացեր են մնում: Այս կարծիքը ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտնել է Իրանի հետ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների և Գերմանիայի բանակցությունների ընթացքին նվիրված հոդվածում, որը հրապարակվել է Washington Post թերթի կայքում: Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը նշում է, որ իրանցի բանակցորդները պետք է հանդես գան ոչ թե այն դիրքերից, թե ինչ են իրենք պատրաստ անել, այլ թե ինչ պետք է անեն համապարփակ համաձայնության հասնելու համար:

 

Նրա տեսանկյունից «այդ բանակցությունների ելքի վերաբերյալ լավատեսությունը», որը հրապարակավ արտահայտել է իրանական կողմը, «մինչ օրս չէր համապատասխանում այն դիրքորոշումներին», որոնք նա «շարադրում էր փակ դռների հետևում»: Քերին նաև ընդգծել է, որ կողմերի միջև պահպանվող տարակարծությունները պայմանավորված չեն «մեր կողմից ներկայացվող մեծ պահանջներով»: «Մենք համաձայնեցինք այդ բանակցություններին, քանի որ հավատում էինք, որ դրանք հաջողության հասնելու իրական հնարավորություն ունեն»,- նշել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Նրա խոսքով՝ այդ հնարավորությունը դեռևս մնում է, «բայց ժամանակն սպառվում է», քանի որ կողմերը պայմանավորվել են վերջնական համաձայնության հասնել մինչև հուլիսի 20-ը: Ժամկետի տեղափոխում չի լինի առանց «վեցյակի» բոլոր անդամների համաձայնության, իսկ «ԱՄՆ-ն և նրա գործընկերները չեն համաձայնի ժամկետի երկարացման՝ պարզապես բանակցությունները ձգելու համար», նախազգուշացրել է Քերին:

 

Ըստ նրա՝ բանակցություններում «հնարավոր է պատմական ճեղքում»: Սակայն նման արդյունքի կարելի է հասնել միայն Իրանի «քաղաքական կամքի» առկայության և իր մտադրություններն ապացուցելու պատրաստակամության դեպքում, համոզված է ԱՄՆ-ի պետքարտուղարը:

 

Քերին այն կարծիքին է, որ Թեհրանը կամ «կհամաձայնի կատարել քայլեր, որոնք անհրաժեշտ են աշխարհին ապացուցելու, որ նրա միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում և նախատեսված չէ զենք ստեղծելու համար», կամ կկորցնի «Իրանի տնտեսական դիվանագիտական մեկուսացմանը վերջ դնելու և իր ժողովրդի կենսամակարդակը բարձրացնելու պատմական հնարավորությունը»: «Վերջին ամիսներին մենք առաջարկել ենք մի շարք հիմնավոր, ստուգելի ու հեշտությամբ իրագործելի միջոցառումներ, որոնք երաշխավորում են, որ Իրանը չի կարողանա միջուկային զենք ստեղծել… Փոխարենը փուլ առ փուլ կվերացվեն Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, որոնք վերաբերում են նրա միջուկային ոլորտին: Ինչպիսի՞ն կլինի Իրանի ընտրությունը: Չնայած բազմաթիվ քննարկումներին, մենք մինչ այժմ դա չգիտենք»,- հայտարարել է Քերին, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: